«Բաքվում Րաֆֆու ասածը մթոմ ի՞նչ էր որ: Մնում էր մի հատ էլ ներողություն խնդրեր Խոջալուի անմեղ զոհերի համար»


23:32 , 22 նոյեմբեր, 2012

«Նախընտրական PR է»,- շարունակ բղավում է մեկը, ով սեփական փափուկ բազկաթոռից անդին ֆանտաստիկ դիսկոմֆորտ է զգում: 
«Հա մթոմ ի՞նչ կոշտ ելույթ էր որ, մնում էր մի հատ էլ ներողություն խնդրեր Խոջալուի անմեղ զոհերի համար»,- ասաց մյուս թերուս դիվանագետը, ում կարիերայի լավագույն ձեռքբերումը 10 տարի առաջ Կամբոջայի անկախության տոնին ուղարկված շնորհավորական բացիկն էր:
«Տեսնես Րաֆֆին ադրբեջանցի լրագրողներին ձեռքով բարևե՞ց»,- հեգնեց մյուսը, ով վաղուց համակերպվել է, որ իր պաշտոնյան իր նկատմամբ ակնառու քամահրանքից բացի այլ բան չի շռայլելու:
«Իլհամը մեզ քֆրտում ա, իսկ դուք գնում եք Բաքվում հանդուրժողականություն եք խաղում: Ադրբեջանցու դեմ միայն զենքի լեզվով ա պետք խոսել»,- հավելեց մյուսը, ում զինգրքույկի մեջ կասկածելի տառերով գրված է ՀԱՐԹԱԹԱԹ:
Իսկ ես կասեմ «Բրավո, Րաֆֆի»: Սա ավելին էր, քան պարզապես ելույթ: Սա նոր էջ էր, թելադրվող նոր ստանդարտ, հարաբերությունների նոր մակարդակ, որտեղ չկա ատելությունն ու մաղձը: Ի վերջո բոլորս էլ մարդ ենք...