Հրաշք


23:34 , 22 նոյեմբեր, 2012

Գիտեք, թե մեր իրականության մեծ ամենամեծ հրաշքը ովքե՞ր են: Իհարկե, կանայք են: Կանայք, որ կյանք են տալիս, որ հոգի են տալիս, որ սեր են տալիս, որ լույս են տալիս, որ հույս են տալիս, որ մեզ ստիպում են սիրել ու ստիպում են մահանալ՝ նորից ու նորից, նորից ու նորից ապրելու համար: Նրանք այնքան գեղեցիկ են, այնքան անկրկնելի: Երբ աղջիկը ժպտում է, արևն արթնանում է քնից, երբ կինը արտասվում է, երկինքը լցվում է անձրևի կաթիլներով: Երբ նրանց աչքերը ուշադիր նայում են մեզ, աշխարհը փոխվում է: Ամեն ինչ գունավորվում է, կյանքը գունավորվում է: Երբ նրանք նայում են մեզ, մենք հասկանում ենք, որ կյանքը իմաստավորվում է: Միայն նրանց՝ կանանց համար ենք մենք ապրում, միայն նրանց համար ենք մենք շարունակում զարմանալ, միայն նրանք են, որ դեռ մեզ իմաստ են տալիս: Միայն նրանք են, որ ստիպում են մեզ զգալ, միայն նրանք են, որ ստիպում են մեզ թռչել:

Երբ մեր թևերը պոկված են լինում, երբ մենք գետնից չենք կարողանում պոկվել: Միայն նրանք են, որ մեզ լույս են տալիս թռչելու համար: Հրաշք: Իրականության մեջ գոյություն ունեցող ամենանուրբ հրաշքը Դուք եք…

Երևակայությունը չի կարող ցույց տալ այն գեղեցկությունը, որ կա ձեր իրականության մեջ: Երևակայությունը չի կարող պատկերացնել այն ձայնը, որ կա ձեր լռության մեջ: Երևակայությունը չի կարող տեսնել այն մեղեդիները, որոնք կան ձեր ժպիտների մեջ: Հենց դուք եք, որ կարողանում եք անմահացնել մեր վայրկյանը, հենց դուք եք, որ մեր վայրկյանը մի ամբողջ դար եք դարձնում, դուք եք … ծաղիկների պես նուրբ, անկրկնելի, փոքրիկ … հսկայական անապատում, իրականության մեջ:

Հենց Ձեր համար է իրականությունը ստեղծել, հենց դուք եք իրական իմաստն ու էությունը…ինչպես արևը երկնքում, դուք այստեղ ինչ-որ մեկի արևն եք, ինչպես մարգարիտը օվկիանոսի հատակին, դուք այստեղ ինչ-որ մեկի հույսն եք, ինչպես հեռավոր մոլորակի վրա ապրող փոքրիկ ծաղիկը, դուք այստեղ ինչ-որ մեկի մի ամբողջ աշխարհն եք, ինչ-որ մեկի մի ամբողջ իրականությունը:

Հավատացեք՝ մենք Ձեզ շատ ենք սիրում: Ու իրականում կյանքի իմաստը հենց դուք եք…

Հենց այսպես….