Եգիպտոսն ահաբեկչության դեմ պայքարի նոր օրենք է ընդունել


04:50 , 18 օգոստոս, 2015

Lurer.com–ը գրում է.

Եգիպտոսը նոր օրենք է սահմանել ահաբեկչության դեմ պայքարի համար: Փաստաթուղթը ստորագրել է Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, ստացված տեղեկությունների համաձայն, ցմահ բանտարկություն կամ մահապատիժ սպառնում է ահաբեկչական կազմակերպություններին ֆինանսավորող և աջակցող մեղադրյալներին: Յոթ տարվա ազատազրկում է սպառնում ծայրահեղականություն քարոզող կամ բռնություններին կոչ անող կայքեր և սոցիալական ցանցերում էջեր ստեղծողներին:

Նոր օրենքը քրեական պատասխանատվությունից ազատում է ուժային կառույցի աշխատակիցներին, ովքեր ուժ են կիրառել ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվող կասկածյալների նկատմամբ: Բացի դրանից, լրատվամիջոցները, որոնք կեղծ տեղեկատվություն կհրապարակեն ուժային կառույցների հակահաբեկչական գործողությունների, ինչպես նաև իսլամիստների վրա հարձակումներ իրականացնելու մասին, կտուգանվեն 23-ից 58 հազար դոլարով:

Հակաահաբեկչական օրենքը Եգիպտոսում արդեն ուժի մեջ է մտել: