Աշխարհից մերժվածները կրում են վարդեր...


13:50 , 22 նոյեմբեր, 2012

Ջոն Բլենչարդը վեր կացավ նստարանից, ուղղեց զինվորական համազգեստն ու ուշադիր հայացքով սկսեց զննել կայարանամերձ հրապարակով անցնող մարդկանց: Նա սպասում էր  մի  աղջկա, որի սիրտը ճանաչում էր, իսկ դեմքը երբեք չէր տեսել... Նա սպասում  էր...

....Ամեն ինչ սկսվել էր 13 ամիս առաջ Ֆլորիդայի գրադարաններից մեկում... Նրան անչափ հետաքրքրեց մի գիրք, բայց ոչ այնքան նրանով, թե ինչ էր գրված այնտեղ, այլ գրքի լուսանցքում արված նշումներն էին գրավել նրա ուշադրությունը... Նուրբ ձեռագիրը  վկայում էր տիրոջ հոգու խորության ու մտքի խորթափանցության մասին...

Գործադրելով բոլոր ջանքերը՝ նա գտավ այդ գրքի նախկին սեփականատիրոջ հասցեն... Միսիս Հոլիս Մեյնելը ապրում էր Նյու Յորքում: Եվ նա գրեց նրան իր մասին և առաջարկեց  հաղորդակցվել նամակներով...
Հաջորդ օրը Ջոնը մեկնեց ռազմաճակատ. սկսվել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմը... Մի տարվա ընթացքում նրանք  նամակների միջոցով լավ ճանաչեցին միմյանց: Եվ   յուրաքանչյուր նամակ սերմնահատիկի նման ընկնում էր սրտի մեջ, ինչպես պարարտ հողի...

Նա խնդրեց նրա նկարը: Աղջիկը մերժեց: Նա գտնում էր, որ եթե Ջոնի նպատակները լուրջ են,ապա մեծ նշանակություն չունի, թե ինչպիսին է տեսքը:
....Եվ ահա պատերազմի ավարտից հետո նրանք պայմանավորվեցին հանդիպել երեկոյան յոթին Նյու Յորքի կենտրոնական հրապարակում:
-Դու կճանաչես ինձ, - գրեց աղջիկ,- իմ բաճկոնին վարդ կլինի ամրացված...
Ահա թե ինչ կատարվեց հետո: Պատմում է Ջոնը. «Ինձ ընդառաջ էր գալիս մի աղջիկ, երբեք չէի տեսել նրանից ավելի գեղեցիկ մեկին... Բարետես, բարեկազմ, նազանի, ոսկեգանգուր մազերով, խոշոր   կապույտ աչքերով մի գեղեցկուհի էր նա... Իր բաց կանաչավուն բաճկոնով նա  հիշեցնում էր հենց նոր վերադարձած գարնան: Հիացած նրանով՝ մոտեցա՝ անգամ չնկատելով, թե  վարդ կա նրա կրծքին... Երբ մեր միջև մի  քանի քայլ էր  մնացել,  հանկարծ տարօրինակ քմծիծաղ երևաց աղջկա դեմքին.

-Հեռու գնացեք, դուք ինձ խանգարում եք...,-լսեցի ես.....


Ու  նույն պահին տեսա միսիս Հոլիս Մեյնելին, որի բաճկոնին ալ կարմիր վարդ էր ամրացված... Իսկ այդ ընթացքում կանաչ բաճկոնով աղջիկը ավելի ու ավելի էր հեռանում...

Ես նայեցի իմ դիմաց կանգնած կնոջը... Քառասունն անց, ոչ թե գեր, այլ շատ գեր մի կին էր... Խունացած գլխարկի տակից երևում էին բարակ, մոխրագույն մազերը... Դառը հիասթափությամբ լցվեց իմ սիրտը: Թվում էր, թե երկու կես եմ լինում... Այնքան մեծ էր իմ ցանկությունը շուռ գալ ու գնալ հեռացող աղջկա հետևից, և միևնույն ժամանակ այնքան մեծ էր իմ կապվածությունն ու երախտագիտությունը  այն կնոջ հանդեպ, որի նամակներն ինձ ուժ էին տալիս և զորակցում  իմ կյանքի ամենադժվարին պահերին...
Նա կանգնած էր այստեղ՝ իմ դիմաց... Նրա գունատ դեմքն  անկեղծ էր ու բարի... Մոխրագույն աչքերի մեջ  ջերմություն և լույս կար...
Ես չվարանեցի: Իմ ձեռքերում այն գիրքն էր, որով պիտի ճանաչեր ինձ միսիս Հոլիսը: Մոտեցա նրան. «Ես լեյտենանտ Ջոն Բլենչերդն եմ, իսկ դուք պետք է որ միսիս Մեյնելը  լինեք... Ես այնքան ուրախ եմ, որ վերջապես մենք հանդիպեցինք... Կարո՞ղ եմ Ձեզ ընթրիքի հրավիրել»:
«Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեք, տղաս, -պատասխանեց կինը,-բայց այն հեռացող, կանաչ բաճկոնով աղջիկը  խնդրեց ինձ կրել այս վարդը: Նա ասաց՝ եթե դուք մոտենաք ինձ ու հրավիրեք ճաշի, ապա ես պիտի ձեզ ասեմ, որ նա սպասում է Ձեզ հարևան  սրճարանում...»:
................Ջոնն ու Հոլիսը ամուսնացան... Սակայն պատմությունը չի վերջանում, քանզի այն ինչ-որ չափով յուրաքանչյուրիս մեջ է: Մենք բոլորս էլ մեր կյանքի ընթացքում հանդիպել ենք նման մարդկանց, «կարմիր վարդեր կրող» մարդկանց՝ անհրապույր, աննկատ, աննշան, մերժված.....աշխարհից մերժվածներ, որոնց չես ուզում մոտենալ... Ուզում ես շրջվել ու հեռանալ միանգամից... և ասես նրանք տեղ չունեն մեր սրտերում, հեռու են մեր հոգուց, մեր կյանքից դուրս ...
Այսպիսով, Հոլիսը ստուգեց Ջոնին... Դա  մի յուրօրինակ թեստ էր նրա բնավորության խորությունը որոշելու համար... Ու եթե Ջոնը շուռ գար անհրապույր կնոջից, ապա կկորցներ իր  կյանքի Սերը: Բայց դա  հենց այն է, ինչ հաճախ անում ենք մենք... Մերժում  և շրջվում ենք, հեռանում՝ դրանով իսկ հրաժարվելով մարդկանց սրտերում թաքցրած Աստծո օրհնություններից........
                                            Հեղինակ ՝   Max Lucado
                               Թարգմանեցի ես... Հայցում եմ հեղինակի և Ձեր ներողամտությունը....  :))