10:52 , 21 նոյեմբեր, 2012Իտալացի թատերագիր, վիպասան եւ կարճ պատմվածքների հեղինակ Լուիջի Պիրանդելլոն (1867-1936) ծնվել է սիցիլիացի բարեկեցիկ ընտանիքում եւ ուսանել Հռոմի ու Պալերմոյի համալսարաններում: Նա ամուսնանում է իր հոր գործընկերոջ աղջկա հետ եւ վայելում 1890-ականների Հռոմի բոհեմական կյանքը: Սակայն նրանց ծնողների սնանկացման պատճառով վերանում է այն կյանքը, եւ Պիրանդելլոն ապավինում է համալսարանի դասախոսական պաշտոնի եկամտին: Այնուհետեւ աստիճանաբար խանգարվում է կնոջ մտային առողջությունը, եւ նա դառնում է շարունակական կասկածանքի ու ջղային պոռթկումների զոհ, որն էլ վերջանում է նրան հոգեբուժարան փոխադրելով: Այդ ողբերգության ազդեցության արձագանքները ներկա են Պիրանդելլոյի որոշ վեպերում:
Պիրանդելլոն թատերագրությունն սկսեց բավականին ուշ, երբ արդեն որպես վիպասան ու պատմվածագիր հռչակի էր տիրացել: Բայց հենց թատերախաղերն էին, որ միջազգային համբավ բերեցին Պիրանդելլոյին: Նա իր վեպերում շոշափած թեմաները հետագայում օգտագործեց իր խաղերում. դրանք էին` անձնական ինքնության խաբուսիկությունը, բոլոր արժեքների հարաբերական լինելը, անհատի կախումը հասարակական կարգերից ու պայմաններից` ինքն իրեն հաստատելու համար, եւ արվեստի փոխհարաբերությունը կյանքի հետ` բնութագրված առաջինի կայուն եւ երկրորդի անկայուն վիճակով:
Նրա նախնական խաղերը` «Մտածի´ր, Ջաքոմո» (1916), «Այդպես է, եթե այդպես եք կարծում » (1917), «Խաղի կանոնները» (1918) եւ այլն, պատճառ դարձան, որ ժամանակակից քննադատները նրան դասեն գրոտեսկ թատերագիրների շարքին: «Վեց անձնավորություններ հեղինակ են փնտրում»-ը (1921) պետք է նրա ամենաազդեցիկ թատերախաղը համարել, որի բեմադրությունը Հռոմում մեծ աղմուկ բարձրացրեց, բայց շուտով ճանաչվեց որպես մեկնակետային թատերախաղ, ուր ներկայացվում է 20-րդ դարի ճգնաժամը բուրժուա հասարակական-մշակութային արժեքներում: Նրա մյուս խաղերից պետք է հիշել «Ծաղիկը բերանում մարդը» (1923), «Ամեն ոք իր ճամփով» (1924), «Նոր գաղութը» (1928), «Այս գիշեր հանպատրաստից ենք խաղում» (1929), «Ղազարոս»(1929), «Լեռնային հսկաները» (հետմահու՝ 1937), «Հենրիկոս Դ» (1922), «Հագուստավորել մերկերին» (1922) եւ այլն:
Հ. Իբսենի եւ Բ. Բրեխթի հետ միասին Պիլանդելլոն արդի թատրոնի ազդեցիկ թատերագիրներից է, թեեւ դժվար է նրա բազմաթիվ ու բազմազան գրական գործերը մի ընդհանուր դասակարգման տակ զետեղել ու գնահատել: Այսօր էլ դեռ նրա խաղերը հաճախ են հայտնվում աշխարհի թատրոնների խաղացանկերում, եթե նույնիսկ նրա նորարարությունները, ինչպես օրինակ` թատրոնը թատրոնի մեջ հնարքը, ուրիշ թատերագիրների հաճախակի օգտագործման բերումով, կորցրած լինեն իրենց թարմությունը: Պիլանդելլոն հարցականի տակ դրեց անհատական առանձնահատկությունների մասին ընդունված ենթադրությունները, «իրականության» էությունը եւ թատերական պատրանքը: Նա բացեց այն դուռը, որը տանում էր դեպի ունայնության վիհը, թեեւ ինքը երբեք ամբողջովին չհեռացավ ավանդությունից:
«Թատերախաղեր Արեւմտեան Գրականութիւնից», Ստեփանակերտ, 2010, էջ 51-52