19:32 , 5 օգոստոս, 2015Ոռոգման խնդիրը վերջին շրջանում մամուլում ակտիվ քննարկվող հարցերից է, որի մասին եղան բազմաթիվ հրապարակումներ: Գյուղացուն, ըստ անհրաժեշտության, չի տրամադրվում ոռոգման ջուր` կենսական նշանակություն ունեցող ոռոգումը կազմակերպելու համար: Խնդիրն էլ ավելի սրվեց վերջին տասը օրերին` հանրապետություն թափանցած տաք օդային զանգվածների պատճառով:
Այս ամենը հաշվի առնելով` գործադիրում հրավիրվել է ոռոգման ոլորտի պատասխանատուների հանդիպումը կառավարության ղեկավարի հետ:
Մասնակիցները վարչապետին ներկայացրել են, որ ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառն այսօրվա դրությամբ կազմել է 121.261 մլն մ3՝ նախորդ տարվա 216.121 մլն մ3-ի համեմատ: 80 կետում տեղադրվել է ժամանակակից ջրաչափ, որոնց շահագործումը թույլ կտա ամենօրյա առցանց հսկողության տակ ունենալ այդ կետերում ջրաքանակների հոսքը: Առավել մեծ ջրապահանջարկ ունեցող ՋՕԸ-երում անցկացված գիշերային ոռոգման ստուգման արդյունքները ցույց են տվել, որ գիշերային ջրամատակարարումն իրականացվում է պատշաճ մակարդակով` համապատասխան մասնագետների և աշխատակիցների մասնակցությամբ:
Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է պատշաճ կազմակերպել ջրամատակարարման գործընթացը. «Օգոստոսը մեր ոռոգման սեզոնի ամենաթեժ ամիսն է, և ևս մեկ անգամ բոլորիդ հանձնարարում եմ՝ ժամանակին ջրով ապահովել հողօգտագործողներին, որպեսզի բերքը նորմալ հավաքեն: Աշխատեք երկար, աշխատեք 24 ժամ, ձեր աշխատակազմը թող նաև հերթապահություն անցկացնի գիշերները, որպեսզի որևէ դժգոհություն չառաջանա»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Ակնհայտ է, որ ջրի խնդիրը գյուղացու համար ամենակարևորն է, սակայն նշված խորհրդակցությունից հստակ ակներև է դառնում, որ տեղերում աշխատանքները ՋՈԸ-երը լավ չեն կազմակերպում, ուստի սաստող ձայնի և ուժեղ ձեռքի վերահսկողությունը տվյալ պարագայում գյուղացու համար ունի կենսական նշանակություն: