Տուպոյ ու տուտուց վրացիները ժողովրդավարության կղզյակ ստեղծեցին, իսկ մենք շարունակում ենք գլուխ գովալ ու կենացներ ասել


20:59 , 20 նոյեմբեր, 2012

Այնքան մեծ հաճույք եմ ստանում՝ հետևելով հարևան երկրի ներքաղաքական գործընթացներին: Ինչպես վրացիները, որոնց մենք՝ հայերս, անվանում ենք տուպոյ կամ տուտուց, ստեղծեցին տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ, որտեղ ընդդիմությունը հաղթեց ընտրություններում, և իշխանության արած անօրինական քայլերը իրենց պատասխանն են ստանում, ինչպես խլված բիզնեսը ընդդիմության հաղթանակից հետո ժամեր անց վերադարձվեց տերերին: Ինչպե՞ս Վրաստանը, որը ԽՍՀՄ-ին տվել է ամենամեծ քանակությամբ օրենքով գողերին տարածաշրջանում, ստեղծեց ամենալավ ոստիկանական համակարգը: Հիմա հաճախ իրար ասում և օրինակ ենք բերում այնտեղի ոստիկաններին և կրիմինալի բացակայությունը, բայց չէ՞ որ 90-ականների սկզբին Վանո Սիրադեղյանը նման մի բան արեց մեր երկրում: Երկիրը լքեցին օրենքով գողեր և ավտարիտետներ: Արեց, քանզի իշխանությունն ուժեղ էր և կրիմինալի կարիք չուներ վերարտադրվելու համար: Հետո 96-ին մի բան փչացավ, մի բան նենց չգնաց: Հիմա պարսիկները գալիս են մեզ մոտ հանգստանալու և մի քիչ դեմոկրատիա վայելելու, մենք գնում ենք Վրաստան հանգստանում, նոր տարի անցկացնում, գումար թողնում այնտեղ: Հայաստանի բնակչության թիվը կրճատվում է, իսկ Վրաստանինն աճ է ապրում՝ չնայած տնտեսական վատ վիճակին, պատերազմին: Իսկ մենք շարունակում ենք գլուխ գովալ, կենացներ ասել, բոլորի աչքը մցնել Ազնավուրին և մեր մշակույթը: Մեկ էլ արի ու տես մի սպիտակ «Նիվա» ա անցնում, երաժշտությունից պարզ է դառնում, որ խորովածը հենց նոր բերել են միանգամից մեքենայի մեջ: Գնալուց էլ մի հատ սիգնալ ա տալիս ու ճռռցնում, որ հանկարծ մեկը չկասկածի, որ ինքը մեծ մշակութային-քրիստոնյա ազգի զավակ ա: