Վարդենիսում մեղվի խայթոցից կարճ ժամանակ անց երիտասարդ է մահացել. Armlur.am


15:22 , 4 օգոստոս, 2015

Վարդենիսում մեղվի խայթոցից կարճ ժամանակ անց երիտասարդ է մահացելArmlur.am-ը գրում է.

Տարօրինակ է, բայց փաստ` 21-րդ դարում Հայաստանում մեղվի խայթոցից մարդ է մահանում: Ներկայիս բժշկության պայմաններում այս անհավանական դեպքն արձանագրվել է ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում, որի 32-ամյա բնակիչ Վիգեն Ղարիբյանը մեղվի խայթոցից 5 րոպե անց ընկել է շոկային վիճակի մեջ, ապա մահացել:

«Ժողովուրդ»-ը Վարդենիս գյուղի բնակիչներից տեղեկացավ, որ հուլիսի 10-ին իրենց համագյուղացի, 32-ամյա Վիգեն Ղարիբյանը հենց իր ծննդյան օրը մեղվի խայթոցից մահացել է: Երիտասարդի հարազատները մեղվի խայթոցից մի քանի րոպե անց նրան տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից էլ անմիջապես ռեանիմոբիլով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտոն, սակայն վերջինս այնտեղ գիտակցության չգալով` մահացել է: Վարդենիսի գյուղապետ Կամո Պետրոսյանի խոսքերով՝ ընտանիքը չի կարողանում համակերպվել Վիգենի` նման անհասկանալի մահվան հետ:

«Երեք երեխա ուներ, հարգված ու սիրված էր գյուղի մարդկանց կողմից: Շատ շնորհքով երիտասարդ էր: Բայց ամեն ինչ այնպես միանգամից է եղել, որ հնարավոր չի եղել փրկել կյանքը: Այդ դեպքից ընդամենը չորս օր առաջ Վիգենին կրկին մեղու է խայթել, սակայն ամեն ինչ կարգին է եղել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց գյուղապետը: Նա տեղեկացրեց նաեւ, որ ինքն անձամբ բժշկական կենտրոնից զանգահարել է մարզպետ Սարգիս Սահակյանին եւ խնդրել է միջամտել, որպեսզի Երեւանից ռեանիմոբիլ ուղարկեն Ապարանի բժշկական կենտրոն՝ Վիգենին մայրաքաղաք տեղափոխելու նպատակով: Մեղվի խայթոցից մահացած Վիգենի եղբայրը՝ Կարեն Ղարիբյանը, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ Վիգենը որեւէ առողջական խնդիր չի ունեցել՝ բացի աչքի գլաուկոմա կոչվող հիվանդությունից, որի պատճառով երեք անգամ վիրահատվել է: «Հենց հասա հիվանդանոց, ես իրեն տեսա շոկային վիճակում. գիտակցությունը կորցրած էր, սրտի կանգ ուներ… Հետո մեզ բժիշկները պատճառաբանեցին, որ մեղուն խայթել է ուղեղը սնուցող արյունատար անոթը, եւ թույնը միանգամից ուղեղի վրա է ներգործել»,- հուզված ձայնով ներկայացրեց Կարենը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ