Ինչպես եղավ, որ ես առաջին անգամ 4 ստացա


22:50 , 9 մարտ, 2012

Ինչպես եղավ, որ ես առաջին անգամ 4 ստացա

Նվիրում եմ իմ առաջին ուսուցչուհուն

Իրական բան եմ պատմում: Ուրեմն, ես սովորել եմ Գյումրու ամենաուժեղ դպրոցներից մեկում` 9-րդում, հիմա իմ դպրոցի տեղում Արմենթելի շենքն է, որովհետեւ դպրոցիս շենքի աջ եւ ձախ թեւերը երկրաշարժին փլվեցին, մի քանի հարյուր երեխա սպանվեց, հետո Անգլիայի նվիրատվությամբ անգլիական 20-րդ` նոր ու ինովացիաներով երեւի Հայաստանում դեռ չգերազանցված դպրոց սարքեցին, Թերթչերն եկավ բացմանը, 20-րդի` քաղաքի կենտրոնի հին շենքը Հաղթանակի պողոտայում տվեցին իմ դպրոցին:

Իմ դպրոցի դեմ դիմաց ժողկրթբաժինն էր, հիմա այդ շենքը կա, Ժողկրթբաժնից շաբաթը մեկ ստուգման ու դասալսման էին գալիս մեր դպրոց, ժողկրթբաժնից մեր դպրոցի անցուդարձն ավելի լավ էին տեսնում, քան մեր ուսուցիչները կտեսնեին` երկու եռահարկ շենք իրար դեմ դիմաց. հենց դասարանում` երկրորդ հարկի ուսուցչանոցի վրա, կռիվ էինք անում ու մեկին ձեռներից բռնած դուրս կախում լուսամուտից, երբեմն էլ` ոտներից, ժողկրթբաժնից տեսնում, զանգում էին մեր ուսուցչանոց, թե վազեք վերեւ ձեր այլանդակներին (էդ մենք էինք` VIII-IX-X Ա), տեր եղեք, մեր ուսուցիչները գալիս փրկում էին ...: Իսկ 3-րդ հարկ մեր դասարանը հանել էին, որովհետեւ առաջին հարկից շաբաթը մեկ փախնում էինք ամբողջ դասարանով, ես էի լինում կազմակերպիչը, ես էլ, որ չէի լինում, ինձ էին տանում չարչարելու, ասում էի` ես եմ կազմակերպել, պատճառներն էլ բացատրում էի, ծնող էին կանչում, հայրս լսում-լսում, ասում էր` ղրկեք մանկական գաղութ, տնօրեն-ուսմասվար իրար երես էին նայում, երեւի մտածում էին, թե սրանք հերուտղա աննորմալ են, իրենք չգիտեին, որ ինձ հետո քացով էին ծեծում տանը, իսկ դպրոցից դուրս չէին անում, որովհետեւ գերազանց էի սովորում, երեւի տոկոս-մոկոսի հարց կար դպրոցի առաջադիմության:

Տատս, որ 15 թվին ընտանիքով Էրզրումից փախել եւ հասել էր Կրասնոդար` էն ժամանակ` Եկատերինոդար, խոհարար էր աշխատել մեր դպրոցում իմ առաջին դասարան գնալուց առաջ ու հենց էդ տարին թոշակի անցավ, դպրոցում պահակից մինչեւ դիրեկտոր պատշաճ` մամավարի (լեննագանցիք տատ չեն ասում, տատիկին «մամ» են ասում) «նակազ» էր արել, թե թոռս է. իր մեծ տղու մեծ տղեն էի, դա չափազանց կարեւոր հանգամանք էր ինձ քացով ծեծելու, ամենաորակյալ կրթության տալու եւ արտաքին վտանգավոր ազդեցությունից մամական բացառիկ պրոտեկտորատ սահմանելու համար: Դպրոցում էլ, թաղում էլ` հենց կողքը, Գյումրվա «Կինո Երեւանի» թաղում, բոլորին հրապարակավ ասել էր, թե, եթե ինձ բան ասող էղավ` պուբլիգանցի է անելու: Ես, իհարկե տարիներ հետո հասկացա, որ Կրասնադարում քսանականներին ռուսերենով մեծացած տատս «պուբլիգանցի» ասելիս ահագին իմաստ էր դնում դրա մեջ` խաղք ու խայտառակ կանեմ, այսօրվա ժարգոնով` տռաս կհանեմ, այսինքն եւ այլն ... առաջին դասարանում չէի հասկանում, թե այդ բառն ինչ է նշանակում, բայց տեսնելով այդ բառը լսողների լրջությունը, կռահում էի, որ իրենք շա~տ լավ հասկանում են Անահիտ տոտայի խորաթեքը: Դպրոցում փաստաթղթերս հանձնելու ինքը տարավ` բացարձակ թաղային հեղինակություն էր, ու մեկ էլ առաջին դասարանում, առաջին օրը, տեսնեմ` ընկերներիցս ոչ մեկը չկա իմ դասարանում ... բոլորը Բ եւ Գ դասարաններում են...:) Բայց դե տատիկից չեն նեղանում, չնայած մինչեւ յոթ տարեկանների ընկերությունը ուրիշ ընկերություն է, ինչպես գիտեք:

Մանկապարտեզիցս մի քանի աղջիկ կային դասարանումս, ու իմ առաջին սերը, որ հիմա դերասանուհի է օտար քաղաքում: Ուրախությանս չափ չկար, հենց տեսա` հարձակվեցի ու պաչեցի այդ աղջկան: Մյուս օրը` սեպտեմբերի 2-ին 1974 թվի, տեսնեմ, այդ աղջկա ամբողջ գերդաստանը եկել է դպրոց, թե` մեր աղջկան նեղություն են տվել: Ինձ դպրոց տանող-բերող չկար, մի փողոց էի անցնում, դասից ելա, տեսնեմ այդ աղջկա ծնողները, տատն ու, վայթե` պապը եկել են դպրոց կամ աղջկան տուն տանելու, կամ` ինձ խելք հասկացնելու, 7 տարեկան: Վրա քշեցին, ելա դպրոցի դռան առաջի ծառը: Ծառերին, պատերին ու տանիքներին թափառելը իմ տարերքն էր, լավ հիշում եմ, դպրոցիս առաջ զույգ` միահյուսված հաստ բներով ակացիա կար, ջիջիպուլուզ էինք ասում, ծաղկելուց էլ` ծաղիկներն էինք ուտում, հիմա չկա, կտրել են վաղուց: Էս մարդիկ իրենց աղջկա ձեռը բռնած ղժղժում են վրես, ես ծառի վրա կիսակապտած, կիսահռհռալով ցած եմ նայում, ոչ իրենք կարող են ծառը ելնել, ոչ ես` իջնել ...: Տեսան հնար չկար` որոշեցին գնալ տատիս բողոքելու: Սխալվեցին. տատս պուբլիգանծի էրավ:

Միջնեկ հորքուրս վաստակավոր առեւտրական էր. եթե կոչում լիներ էն ժամանակ սպեկուլյացիայի համար` իրեն Սովետի չեմպիոնի կամ պետական մրցանակի դափնեկիր կտային...: Ինչքան պրիբալծիկա, մասկվա, լենինգրադ պուծյովկա կար` իրեն էր բաժին հասնում, անունը տուրիստական էր, բայց ամբողջ քաղաքը գիտեր, որ զիլ ապրանքը պապոնցս տունն էր լինում, «Սուսանը հլը չի եկե՞լ» յոթանասունականների 2-3 հարցերից մեկն էր Լեննականում: Սուսանը, որ գալիս էր, կայարանում մեկ վագոնի դիմաց վագոնի երկարությամբ նույն վագոնում հազարավոր կիլոմետրեր անցած 20-30 արկղ ապրանքն էին հանում-շարում, ապրանքը ցրում էր կուպեներով, որ հակառակորդը գլխի չընկներ: էդ գնացքը չէր շարժվում դեպի Երեւան մինչեւ Սուսանի ապրանքը բարեհաջող չէին հանում շարում պերոնին: Բոլոր արկղերն իրար նման էին, բայց հորքուրս հատ-հատ գիտեր` որի մեջ ինչ կա, քանի հատ` ցեբո, քանի հատ 12 պերսոնանոց, քանի հատ` 18, քանի հատ եսիմինչ, որի բաժակը որի տարելկի հետ էր գազեթով փաթթած ու` ինչ գազեթով: Մեկ անգամ մի արկղ կորել էր, մեկ-մեկ պատմեց, թե մեջն ինչ էր ..., չէր կորել, գողացել էին, ինքը կորցնող կնիկ չէր:

Իմ առաջին ուսուցչուհին Ցողիկն էր Գյոդակյան, Գյոդակյանների հայտնի գերդաստանից: Առաջին ուսուցչուհին երբեք չի ծերանում, գիտե՞ք: Նրանք չեն մահանում, նրանք միշտ նույն տեսքն ունեն, նրանք հաց չեն ուտում, նրանք չեն քնում, նրանք մոր շարունակությունն են երեւի, որովհետեւ նրանց մայր չի բերում: Իմ առաջին ուսուցչուհին առաջին «հինգը» տետրում ձեռագիր դնելուց բացի մեծ 5 էր կտրում թավշե կարմիր կամ թունդ կարմիր թղթից` մի մանկական թզաչափ ու դնում էր տետրի այդ էջում: Կամ ինձ վրա էր թավշե թուղթը պրծել, կամ ուսուցչուհիս իմացել էր, որ հայրս նաեւ գեղանկարիչ էր ու գեղեցիկ արվեստների սիրահար, ու ոնց էլ լիներ` կունենար այդ թղթից: Ուներ, բնականաբար, ես գիտեի, որ ուներ, ու ոչ միայն կարմիր, դրանք իմ երազանքների թղթապանակում էին, որոնք ես հետազոտում էի գողտու. չգար պատժեր հանկարծ: Ուսուցչուհիս էդ թղթից հարցրեց, հայրս տվեց, հիմիկվա A4 չափսի թղթեր էին, ես էլ այդպիսի 5 ստացա:

Մի խորհրդավոր օր, մեկն այն օրերից, երբ առաջին ուսուցչուհին ի զարմանս դպրոցական աշխարհի մի կողմ է կանչում առաջին դասարանցուն, ու դա բոլորի հետ չի պատահում, հիշում եմ` տառերը նոր սովորել ավարտել էինք, ուսուցչուհիս մի ծալած թուղթ տվեց ինձ, թե` «տատիկիդ կտաս»: Ասի,-էղավ, ընկեր Գյոդակյան: Մինչեւ տուն հասա, մի 130 մետր, չդիմացա, բա չիմանա՞նք էս ինչ քսիֆ էր: Մեր շենքի` Գորկու 67-ի դալանի տակ, անկյունում բացեցի ու սկսեցի կարդալ, ձեռագիրն էլ` մարգարիտ, ծանոթ, մի քանի տող էր գրած, հատերով, այսինչ բան` այսքան հատ, այնինչ բան` այսքան հատ, «տռուսիկն» եմ հիշում, երդվում եմ` հայատառ «տռուսիկ» էր գրած, բայկըվին չեմ հիշում, ինչ մեղքս թաքցնեմ, բայց տռուսիկը էսօրվա պես հիշում եմ: Քանի հատն էլ չեմ հիշում: Ծալեցի, տարա տվի մամիս: Մամս` Սուսան աղջկան: Սուսան աղջիկը գնաց տուրիստ, բերեց-չբերեց` չգիտեմ: Ինձ մի փոքր փաթեթ տվին, ասին` «կուդաս ընգեր Գյոդագյանին»: Տարա տվեցի, ու լավ հիշում եմ, մտածում էի, որ էդ ամբողջ գրած ցուցակը էդ փաթեթում չէր տեղավորվի, հազար յոթ հարյուր տոկոս:

Մյուս շաբաթ, կարծեմ մայրենի լեզվից էր` առաջին անգամ չորս ստացա, ծեծ կերա էլի. էսօր էլ մտածում եմ, բայց Սուսանին չեմ համարձակվում հարցնել.-Այ հորքո՞ւր, կարող է՞ տռուսիկ չէիր ճարել էն լենուբոլ Տալլինում:

(Լենինականի լուսանկարը` ինձ անհայտ հեղինակի է)