Ինչո՞ւ է անընդունելի մարդու կլոնավորումը


11:02 , 28 հուլիս, 2015

Կլոնավորումը ժամանակակից աշխարհում ամենաքննարկվող թեմաներից մեկն է։

Կլոնավորման խնդիրն արդի աշխարհը բաժանել է երկու խմբի՝ կլոնավորման կողմնակիցների և հակառակորդների։ Հարկ է նկատել, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, արգելված են մարդկանց կլոնավորման փորձարկումները: Սակայն դա բնավ չի խանգարում, որ այս խնդիրը բուռն քննարկումների տեղիք տա։

Հարկ է նշել, որ եկեղեցին կտրականապես դեմ է կլոնավորման գիտափորձերին և հաճախ դիմում է գիտնականներին, որպեսզի վերջիններս հրաժարվեն այդպիսի աշխատանքներից:
Վատիկանի դիրքորոշումն այս հարցում նույնպես միանշանակ է. այն չի ընդունում կլոնավորման որևէ տեսակ՝ անկախ հետապնդվող նպատակներից։ Այդ մասին բազմիցս արտահայտվել են թե՛ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը և՛ թե նրա նախորդ Հովհաննես Պողոս Երկրորդը։

Հասկանալի է, որ Հայ առաքելական եկեղեցին նույնպես անընդունելի է համարում կլոնավորման իրականացումը:

Հարցը բարոյականից զատ արտացոլվում է նաև իրավական հարթության մեջ: 2015թ. հուլիսի 15-ին հրապարակված ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը նախատեսում է նոր իրավակարգավորումներ այս կապակցությամբ: Նոր նախագիծի համաձայն՝ այս հարցը դիտարկվում է անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության համատեքստում: Նախագծի 24-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: 24-րդ հոդվածի երրորդ կետի համաձայն արգելվում է մարդու վերարտադրողական կլոնավորումը:

Իրավական տեսանկյունից շատ կարևոր է, որ կլոնավորման արգելքն ամրագրվում է իրավական ամենաբարձր կարգավիճակն ունեցող փաստաթղթում: