Ինչ մասնագիտություն ունեն հայ հայտնիները


15:15 , 23 հուլիս, 2015

Երբ մասնագիտություն ես ընտրում, միշտ չէ, որ հետո շարունակում ես աշխատել այդ մասնագիտությամբ: Հայ հայտնիներից շատերն էլ բացառություն չեն, նրանցից ոմանք, ընդունվելով որևէ ԲՈՒՀ և ավարտելով այն, հետո որոշել են զբաղվել այլ աշխատանքով, իսկ մյուսներն էլ շարունակել են աշխատել իրենց հիմնական ընտրած մասնագիտությամբ: BlogNews.am-ը ճշտել է, թե հայտնիներից ով անդավաճան մնաց իր ընտրած մասնագիտությանը, և ով փոխեց այն: 

Դերասանուհի Մանո Գրիգորյանն այն եզակիների թվին է պատկանում, ով աշխատում է իր մասնագիտությամբ: Նա սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, երրորդ կուրսից արդեն սկսել է նկարահանվել. «Հայրս դեմ էր, որ Թատերականում սովորեի, բայց ես չլսեցի նրան: Մինչև Թատերականը նաև ավարտել եմ Բարեկամության պետական անսամբլի պարի ստուդիան»:

Երգչուհի Լիլուն դեռ մանկուց է երգում և այն հայտնիներից է, ով հստակ գիտեր՝ ինչ է ուզում դառնալ: Նա սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական  քոլեջում, վոկալի բաժնում:   

Երգչուհի Անի Քրիստին հայտնի չէր լինի, եթե չլիներ նրա մայրը: Երգչուհին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ջազ-վոկալ բաժնում. «Չէի որոշել, որ երգչուհի եմ դառնալու, բայց երբ արդեն տասը տարեկան էի, սկսեցի սիրել: Կոնսերվատորիա ընդունվեցի մորս խնդրանքով, այլ կերպ ուրիշ մասնագիտություն կընտրեի»: Եթե Անին չլիներ երգչուհի, ապա միանշանակ նրան կարելի էր տեսնել իրավաբանի պաշտոնում. «Դեռ վաղ տարիքից ուզում էի զբաղվել այդ մասնագիտությամբ, բայց չմերժեցի մայրիկիս և ընդունվեցի Կոնսերվատորիա»: 

Միսս Հայաստան 1998 Գոհար Հարությունյանը, պարզվում է, բավականին լուրջ մասնագիտություն ունի. «Ես սովորել եմ Կալիֆորնիայի պոլիտեխնիկ համալսարանում, բիզնեսի կառավարման բաժնում»: Երբ ԱՄՆ-ից Հայաստան վերադարձավ, մինչ ամուսնանալը երկու տարի զբաղվել է իր հիմնական աշխատանքով, իսկ ԱՄՆ-ում վիզայի հետ կապված խնդիրների պատճառով միայն մոդել կարող էր աշխատել. «Աշխատում էի Երևանի կոնյակի գինու, օղու կոմբինատում, մարքեթինգի բաժնի տնօրենի օգնական էի, հետո «Հայաստանի գանձերում»՝ որպես մարքեթինգի բաժնի տնօրեն: Այսօր նույնպես մասնագիտությունս օգնում է ընտանեկան մեր բիզնեսներում»: 

«Նանե» հեռուստանախագծի հաղորդավար Նարինե Սուլթանյանը սովորել է Պարարվեստի ուսումնարանում, այնուհետև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, դերասանական ֆակուլտետում: Նարինեն հստակ գիտեր իր ցանկությունների մասին. «Ավարտելով երաժշտական դպրոցը, Իգիթյանի անվան գեղագիտական ստուդիան, ինչպես նաև Պարարվեստի ուսումնարանը՝ պարզ էր, որ արդեն կընտրեմ արվեստի ճյուղը, մասնավորապես՝ բեմը»:

Երգչուհի Ռիփփին մասնագիտությամբ դերասանուհի է, ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտը՝ արվեստագիտության բաժինը. «Սովորելուն զուգահեռ զբաղվել եմ երգարվեստով, դրա համար էլ կարող եմ ասել, որ երկու մասնագիտություն ունեմ, որովհետև երկուսի փորձն ու պրակտիկան ունեցել եմ»: Իհարկե, շատերդ կհիշեք նրա մասնակցությամբ «Կարգին սերիալը», որտեղ երևում էր նրա դերասանական խաղը:

 Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի