10:32 , 17 նոյեմբեր, 2012
Ամառային հանգիստ երեկոն աստիճանաբար իջնում էր գյուղի վրա... Հայրն ու իր հինգ տարեկան տղան կամաց-կամաց վերադառնում էին տուն ձկնորսական հրաշալի օրվանից հետո... Փոքրիկը բարձրաձայն ու մեծ ոգևորությամբ կիսվում էր հոր հետ իր առաջին ձկնորսության օրվա վառ տպավորություններով... Բռնած ձկները նրա ամենամեծ հարուստությունն էին, որոնք նա մեծ հպարտությամբ տանում էր տուն, որ ցույց տար մայրիկին...
-Ինչ լավ է, որ ես քեզ ունեմ, պապուլ,_ ասաց փոքրիկն ու բռնելով հոր ձեռքը` մոտեցրեց իրեն:
Ինչ լավ է, որ ես քեզ ունեմ - այս խոսքերը պարուրեցին հորը, և նա քիչ էր մնում՝ լաց լիներ... Հայրն ընկնում է հիշողությունների գիրկը....
(...Երիտասարդ տղան ծանոթանում է մի աղջնակի... Նրանք հավանում են միմյանց և սկսում հանդիպել բավականին երկար ժամանակ: Երկուսն էլ հեղինակավոր դպրոցի ուսանողներ էին և մեծ ծրագրեր ունեին ապագայում... Ծնողները ապահովել էին նրանց ամեն ինչով... Ուրախ, անհոգ կյանք, ընկերներ, երեկույթներ... Թվում էր` ոչինչ չի կարող խանգարել նրանց անհոգ ապագային...
Եվ մի անգամ աղջնակը տղային մի լուր է հայտնում, որից հետո նրա կյանքը կանգ է առնում ասես - նա հղի էր... Ի՞նչ անել: Ի՞նչպես անել:
Լինելով պարկեշտ մարդ` նա չէր կարող լքել աղջկան այդ ծանր իրավիճակում, բայցև հասկանում էր, որ դա կարող էր խոչընդոտ հանդիսանալ իրենց հետագա կյանքի և կարիերայի համար...
Ընկերները համոզում էին ազատվել երեխայից և մոռանալ մեկընդմիշտ դրա մասին... Ծնողները կտրականապես դեմ էին երեխա ունենալուն... Ի՞նչ անել... Թողնե՞լ երեխային և մոռանա՞լ հետագա կարիերայի մասին, թե՞ ազատվել երեխայից և շարունակել նույն կերպ ապրել, կարծես թե ոչինչ էլ չէր պատահել...
Տղան երկար նայեց աղջկա աչքերի մեջ... Փորձում էր որևէ պատասխան գտնել, բայց միայն շփոթմունք և ապագայի նկատմամբ վախ էր տեսնում...
Պետք էր ինչ-որ բան որոշել... և որոշողը պետք է լիներ հենց տղան... Նա հավաքվեց և ասաց. «ԵՐԲԵՔ ԱԲՈՐՏ ՉԻ ԼԻՆԻ»...
Ծնողները, իմանալով տղայի որոշման մասին, երես թեքեցին նրանից... Ընկերներն էլ աստիճանաբար չքվեցին... Մնացին տղան, աղջնակն ու նրանց ապագա փոքրիկը....
Նրանք ստիպված թողեցին համալսարանը, քանի որ աշխատանքը խլում էր նրանց ողջ ժամանակը: Վաստակած գումարով նրանք գնում են գյուղում մի բնակարան և անհամբերությամբ սպասում իրենց առաջնեկին:
Եվ ահա ծնվեց մի հրաշք ու առողջ փոքրիկ, ով մեծ երջանկություն բերեց երտասարդ ընտանիքին... Նրանք իսկապես երջանիկ էին, և թվում էր` բոլոր դժվարություններն ու խնդիրները հեռացել են... Դրանից հետո նրանք քաղաքին ավելի մոտ տեղափոխվեցին, որտեղ էլ շարունակեցին իրենց ոչ այնքան վատ աշխատանքը... )
-Պապ, նայիր, մայրիկը դիմավորում է մեզ,-բղավեց փոքրիկը` ընդհատելով հոր հիշողությունները և վազեց մորը գրկելու:
Տանը նրանց սպասում էր մայրը, ով արդեն ընթրիքը պատրաստել էր... Նրանք սեղան նստեցին, և փոքրիկը մեծ խանդավառությամբ պատմում էր մորը իր առաջին ձկնորսական օրվա մասին... Իր բռնած ձկան մասին, հսկայական կարթի, ու թե ինչպես էր հայրը իրեն սովորեցնում ձուկ բռնել:
Արևն արդեն անհետացել էր հորիզոնում, և ժամանակն էր եկել մի փոքր հանգստանալու ու քնելու... Փոքրիկը սովորության համաձայն պառկեց ծնողների մեջտեղում և հոգնածությունից շուտ քուն մտավ... հայրը քնքուշ գրկեց նրան ու ասաց. «Ինչ լավ է, որ ես քեզ ունեմ»...
Գիշերն ամբողջությամբ ծածկել էր գյուղը... Մայրն ու որդին հանգիստ քնել էին, միայն հայրն էր, պատուհանից երևացող աստղերով հիացած, զգում իրեն ամենաերջանիկ մարդը երկրի վրա... Այն ժամանակ նա ճիշտ որոշում ընդունեց և երբեք չի զղջում դրա համար: