09:13 , 17 նոյեմբեր, 2012
Իշխանավորների վերջին արգումենտներից մեկը նա է, որ «Տեսեք, հիմա ավելի լավ ենք ապրում, քան 15/20/25/50 տարի առաջ: Էն ժամանակ էս չկար, էն չկար, էսքան էր, էնքան էր: Հիմա շատ ավելի լավ ա»: Ա շտոժ: Միգուցե: Մի կողմ թողնելով աղքատության ցուցանիշի աճը, արտագաղթը եւ մնացած հնարավոր ասելիքները՝ մի պահ համաձայվեմ: Հա, որ համեմատում ես առանց տրանսպորտ, լույս ու ջերմություն տարիների հետ՝ առաջ ենք գնացել: Որ համեմատում ես կրիմինալ, տոկոսով փողի ու սեղանիկի տարիների հետ: Առաջ ենք գնացել: Միանշանակ: Կույր ա պետք լինել չտեսնելու համար, որ տարեցտարի ինչ-որ բաներ լավանում են: Ու ասենք, 90-ականների սկզբի Երեւանը եթե շատ դեպրեսիվ էր, ապա հիմա առնվազն էդքան դեպրեսիվ չի: Ֆիքսենք: Առաջընթաց կա:
Բայց սա երեխա տարիքում ավտովթարի հետեւանքով հաշմանդամ դարձած երեխայի առաջընթաց է: Իր հասակակիցները արդեն ֆուտբոլ են խաղում, իսկ ինքը նոր-նոր կարողանում է բռնվելով քայլել: Հասակակիցները դպրոց են ավարտում, իսկ ինքն արդեն կարողանում է գրիչ բռնել ու մի քանի բան գրել՝ հաղթահարելով ձեռքի շարժումները: Իր հասակակիցները ամուսնանում, ընտանիք են կազմում, իսկ ինքը ինչ-որ սարքերով կարողանում է համակարգչից օգտվել՝ մոր օգնությամբ: Հա, էս երեխու մոտ էլ համեմատած սկզբնական վիճակի հետ առաջընթաց կա: Ճիշտ ա ասում բուժող բժիշկը: Կույր ա պետք լինել դա չտեսնելու համար: Հա, եթե հետը էդքան չաշխատեին, միգուցե գրիչն էլ չկարողանար բռնել: Հաստատ: Բայց ախր կարելի ա վիրահատություն անել ու էդ ամեն ինչը ուղղել: Ուրիշները արել են: Դիագնոզը արտասահմանում տեսել են, ասել են՝ բուժվող ա: Բայց բժիշկը ասում ա, որ փող չկա, թանկ ա: Մոռանալով կամ մաոռացնելով, որ էսքան տարի դուք իրան փողը տվել եք, ու դրանով շատ հանգիստ կարելի էր ամեն ինչ ուղղել, եթե բժիշկը կոմպետենտ ու ազնիվ լիներ: Ու իր միակ նպատակը չլիներ ձեր երեխայի կյանքը ապահովել էնքան, ինչքանով որ դա ձեզ եկամուտ կբերի:
Այ էս ա իշխանույթունների ասած առաջընթացը: Ոչ միայն ներկայիս: Նախորդներն էլ նույն բանն են ասել ու արել: Առաջընթաց կա: Բայց կուզեի՞ն արդյոք նրանք, որ իրենց երեխաներն էլ նման ձեւով առաջընթաց ունենային կյանքում: