Խոպան. սովորությո՞ւն, թե՞ անհրաժեշտություն


20:36 , 16 նոյեմբեր, 2012

Մի կնոջ հարցնում են. 
- Ամուսինդ որտե՞ղ ա…
- Խոպան:
- Իսկ որտե՞ղ:
- Մասկվաներն ա:
- Իսկ ավելի կոնկրե՞տ:
- ՄինԸսկ…
Ողջո՜ւյն հեռավոր «մԱսկվաներից» ամեն ամիս «լավ խաբարի» սպասող ազգ: Այսօր քաղաքը խոսելու է մեր ազգին պատուհասած բարոյահոգեբանական մի աղետի մասին, որը ժողովրդի լեզվով կոչվում է «խոպան»: Դարեր շարունակ հայ էթնոսն ապրել է իր պապերի երկրում, արարել, կառուցել, շենացրել, պայքարել… Սակայն, ժամանակի ընթացքում, առնչվելով բազմաթիվ քոչվոր ցեղերի, փոխել է իր ազգային դիմագիծը` երբեմն աղետալիորեն հեռանալով սեփական արմատներից: Այդ ե՞րբ հայը խռովեց ինքն իրենից, այդ ե՞րբ նա բռնեց վտարանդության ճամփան… Հարցեր, որոնցով պիտի զբաղվեն պատմաբանները, իսկ մենք այսօր ձեզ հետ կփորձենք քննարկել այս բազմակողմանի հարցի առավել զգայուն կողմը, երբ հայրերը լքում են ընտանիքն ու մեկնում արտագնա աշխատանքի: Միջին վիճակագրական «խոպանչին» եթե ոչ տարվա մեծ մասը, ապա գոնե դրա կեսն անցկացնում է արտերկրում` գումար վաստակելով ընտանիքի համար: Եվ հենց այստեղ էլ սկսում է ողջ ողբերգությունը: Մենք չենք խոսի կնոջ ունեցած ֆիզիոլոգիական պահանջմունքների մասին, որոնք չբավարարված են մնում ամուսնու բացակայության պատճառով, այլ առավել նշենք այն հոգեբանական բարդույթները, որ ստիպված են լինում անցնել մեր ընտանիքները: Այսօր Հայաստանում մեծանում է մի սերունդ, որի ներկայացուցիչների մի մասը զուրկ է հայրական դաստիարակությունից: Օր օրի աճում են «անտղամարդ» ընտանիքները: Էստեղ անմիջապես կարելի է անցնել հարցի ֆինանսական կողմին, սակայն հակադարձենք այն բազմաթիվ օրինակներով, երբ արտերկրում գտնվող տղամարդու ընտանիքն այստեղ հազիվ գոյություն է պաշտպանում, էլ չենք խոսում այն բազմաթիվ տղամարդկանց մասին, եթե կարելի է նրանց այդպիսին համարել, ովքեր, հայտնվելով հիմնականում ՌԴ-ում, մոռացության են մատնում իրենց ընտանիքները` թողնելով նրանց բախտի քմահաճույքին: Ու հավատացե՛ք, նման կանայք շատ են մեր երկրում, ովքեր, «խոպանի» հորձանուտում կորցնելով իրենց տղամարդուն, միայնակ դաստիարակում ու մեծացնում են իրենց երեխաներին: Հետևաբար հարց է առաջանում, եթե այդ կանայք կարողանում են իրենց հողի վրա, առանց ամուսնու մեծացնել զավակներին, ապա ո՞րն է այդ տղամարդկանց արդարացումը, ովքեր թողնում են իրենց ընտանիքները` հաճախ կարճ ժամանակով, երբեմն էլ, ցավոք, ընդմիշտ…
Ո՞րն է մեր ազգին պատուհասած այս վիրուսի բարոյահոգեբանական բացատրությունը: Ինչո՞ւ հայ այրն այլևս չի ցանկանում դիմակայել դժվարությունների իր հայրենիքում, այլ դիմում է օտարի տանը` թեկուզ և նոքարության… Հավատացե՛ք, աշխարհում շատ երկրներ կան, որոնք կենսամակարդակով շատ ավելի ցածր են մեզանից, սակայն նման տենդենցներ չեն գրանցում:
Եվ որպես հուշում, հարցը ավելի շատ ներաշխարհում փնտրելու համար, և ոչ թե քաղաքական ու ֆինանսական պատճառներ գտնելու, հիշեցնենք ուղղակի «փառահեղ» խորհրդային տարիները, երբ յուրաքանչյուր քաղաքացի ապահովված էր աշխատանքով, սակայն հայի աչքն էլի «մԱսկվաներում» էր…