Ի պատիվ հեծանվորդ Էդգար Ստեփանյանի նվաճման` Աթենքում հնչեց Հայոց օրհներգը


09:43 , 18 հուլիս, 2015

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում երեկ անցկացվել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը` «Սկրեչ» մրցաձևի (40 կմ խմբակային մրցավազք) մրցաշարը:
Հեծանվային սպորտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ այս մրցաձևում հանդես եկած Հայաստանը ներկայացնող 2 հեծանվորդներն էլ՝ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը, հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլն ու մտել էին եզրափակիչ: Այս մասին հայտնում են հեծանվային սպորտի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: 
Այստեղ վճռորոշ փուլում փառահեղ ու աննախադեպ հաջողության հասավ 18-ամյա Էդգար Ստեփանյանը: Երիտասարդ հայ հեծանվորդը գերազանցեց բոլորին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Նորանկախ Հայաստանի և հայկական հեծանվային սպորտի պատմության մեջ սա մեր պատվիրակի նվաճած առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում:
Ի պատիվ Էդգար Ստեփանյանի` Աթենքի հեծանվահրապարակում հնչեց Հայաստանի օրհներգն, ու վեր խոյացավ հայոց եռագույն դրոշը: Պավել Ստեփանյանը հանգրվանեց 10-րդ հորիզոնակնում:
Նշենք նաև այն, որ մինչ այդ Եվրոպայի երիտասարդների առաջնության խմբակային վազքի եզրափակիչում (100 շրջան, 25 կմ) էլ Էդգար Ստեփանյանը գերազանց էր ելույթ ունեցել ու շատ մոտ էր մեդալ նվաճելուն: Նա վերջին շրջանից առաջ հավակնել է անգամ հաղթողի կոչմանը, ի վերջո վաստակել է 13 միավոր՝ այնքան, որքան ռուս հեծանվորդ Դենիս Նեկրասովը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Նեկրասովն արժանացել է բրոնզե մեդալի, իսկ Էդգար Ստեփանյանը ստիպված է եղել բավարարվել 4-րդ հորիզոնականով: Նույն մրցաձևում մեր մյուս պատվիրակը՝ Պավել Ստեփանյանը, եզրափակիչ փուլում նույնպես հաջող է հանդես եկող ու գրավել է 12-րդ տեղը: 
Նախորդ օրը կայացած 3 կմ հետապնդումով մրցավազքում Էդգար Ստեփանյանը զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը:
Մինչև 23 տարեկանների առաջնությունում խմբակային վազքի (160 շրջան, 40 կմ) եզրափակիչ մտած 2011թ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն 22-ամյա Մհեր Մկրտչյանը գրավել է 19-րդ տեղը: