Եթե մեր բոլոր հաստափորները մուծեն այնքան հարկ, որքան որ պարտավոր են, նույնիսկ կկարողանանք աստիճանաբար նվազեցնել մեր արտաքին պարտքը


09:41 , 16 հուլիս, 2015

Օրեր առաջ գրառում էի կատարել՝ Հայաստանում կենսամակարդակը բարձրացնելուն ուղղված ամենապարզ ու գործուն քայլերի վերաբերյալ։ Այսօր էլ զարգացնեմ թեման ու եթե մինչ այս խոսել էի մենակ բյուջեն չթալանելու ու չփոշիացնելու մասին, ապա այսօր ցանկանում եմ անդրադառնալ մեր տնտեսության ստվերային մասին։

Տարբեր հաշվարկներով, մեր տնտեսության 80 տոկոսը ստվերում է գործում, ընդ որում, ինչն է պարադոքսալ՝ ստվերի մեծ մասը կազմում են հենց խոշոր, այլ ոչ թե մանր բիզնեսի ներկայացուցիչները։ Այս մասին պատկերացում կարելի է կազմել՝ արդեն իսկ միայն ԱԺ-ում դոլարային միլիոնատեր գործարար-պատգամավորների հաշվետվություններին ծանոթանալով։

Խոսենք կոնկրետ օրինակներով։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նույն Լֆիկը կամ էլ Ծառուկյանը եթե ոչ միլիարդատեր են, ապա հասատատ մուլտիմիլիոնատեր են ու ունեն առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի կապիտալներ, մինչդեռ իրենց հաշվետվություններում նշել են մի քանի տասնյակ միլիոնի բան։ Հետևաբար, կոնկրետ նրանց օրինակով տեսնում ենք, որ մեծահարուստներն իրենց ունեցվածքի առյուծի բաժինը պահում են չհարկվող ստվերում, ինչի արդյունքում ոչ միայն հսկայական գերշահույթներ են ունենում, այլև բյուջեն չի ստանում բավարար քանակությամբ եկամուտ, ու ՊԵԿ-ը տեռորի է ենթարկում փոքր բիզնեսը՝ մեծ բիզնեսի շնաձկների չվճարած գումարները լրացնելու նպատակով։

Սա իր հերթին ծնում է ոչ թե զուտ ֆինանսա-տնտեսական խնդիր, այլ սոցիալական անարդարություն, ու ժողովրդի վստահությունն առ իշխանություն էլ ավելի է նվազում, և ձևավորվում է էլ ավելի սուր հակակրանք տնտեսա-քաղաքական վերնախավի հանդեպ։

Հավաստիացնում եմ, եթե մեր բոլոր հաստափորները մուծեն այնքան հարկ, որքան որ պարտավոր են, մեր պետության եկամուտները մի գլուխ բարձր կլինեն, ինչն իր հերթին առողջացնող արդյունք կունենա տնտեսության վրա, ու նույնիսկ կկարողանանք աստիճանաբար նվազեցնել մեր արտաքին պարտքը, որն արդեն աստղաբաշխական բարձունքների է հասել։