Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի լիագումար նիստում


12:38 , 15 հուլիս, 2015

Հուլիսի 6-11-ը Բեռնում (Շվեյցարիա) տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 41-րդ նստաշրջանը, որին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:
ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը, ելույթ ունենալով Քաղաքական հանձնաժողովի նիստում, անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, այդ կապակցությամբ Հայաստանում տեղի ունեցած միջոցառումներին, որոնք առանձնահատուկ կոչ են աշխարհին՝ միտված ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխանգելմանն ու դատապարտմանը: ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի ելույթից հետո Քաղաքական հանձնաժողովի նախագահ Ժակ Լըժանդրը հանձնաժողովի անունից իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
ՖԽՎ լիագումար նիստի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Ստեֆան Ռոսինին, Շվեյցարիայի Պետությունների խորհրդի նախագահ Կլոդ Հեշը, ՖԽՎ նախագահ Պոլ ՄըքԻնթայերը, Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության Գլխավոր քարտուղար Միքայել Ժանը, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը:
Եվրոպայի տարածաշրջանի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելիս Բելգիայի պատվիրակության անդամ Ֆրանսուազ Բերտիոն, ով փոխարինում էր Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վահլին, նշել է, որ 2015 թ. մարտի 30-ից ապրիլի 2-ը Երևանում հրավիրված Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների նիստը կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, որի ժամանակ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն:
Նշենք, որ Մարգարիտ Եսայանը լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելուն զուգահեռ հանդիպել է տարբեր երկրների իր գործընկերների հետ: Տիկին Եսայանը մասնակցել է նաև ՖԽՎ կանանց ցանցի նիստին, հանդես եկել օրակարգային հարցերի քննարկումների ժամանակ:
Հուլիսի 5-10-ը տեղի է ունեցել նաև Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի (ԵՖԽ) 7-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին Հայաստանից մասնակցել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Նալբանդյանը: