Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2015»-ին կներկայացնի Միքայել Վարոսյանը՝ Միկան


17:00 , 14 հուլիս, 2015

«Մանկական Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը: Միկան 2012 թվականից մասնակցել է «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլերին, եղել ֆինալիստների ցանկում, սակայն ոչ մի տարի չի ներկայացել մրցույթում:

Երբ նա «Compass band»-ի հետ պետք է մասնակցեր «Մանկական Եվրատեսիլին», պարզվեց, որ տղայի տասը տարին դեռ չի լրացել, և նա չի կարող մասնակցել մրցույթին։

BlogNews.am-ի տեղեկություններով՝ երեք տարի «Մանկական Եվրատեսիլի» նախընտրական փուլերին մասնակցելուց հետո Միկան այս տարի որոշել էր, որ այլևս չի մասնակցելու «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլին, սակայն հենց այս տարի Հանրային հեռուստաընկերությունից ստացել է ցանկալի առաջարկը. առաջին անգամ Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Եվրատեսիլի» համար արել է ներքին ընտրություն։ Առաջարկը մեծ ոգևորություն է առաջացրել Միկայի մոտ։

Ի դեպ, փոքրիկ երգիչը հուլիսի 1-ին պատրաստվում էր թողարկել իր նոր ձայնասկավառակն ու ներկայանալ մենահամերգով, սակայն մեր տեղեկություներով այն հետաձգվել է Հանրային հեռուստաընկերության խնդրանքով։ Ամենայն հավանականությամբ, մենահամերգն ու ալբոմի շնորհանդեսը կկայանա եվրատեսիլյան երգի պրեմիերայի հետ։

12-ամյա Միկան միջազգային մրցույթների դափնեկիր է, երաժշտության ոլորտում իր առաջին քայլերն արել է 6 տարեկանից։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի