Ի՞նչ անակնկալ նվեր են մատուցել Սևակ Ամրոյանին՝ տարեդարձի կապակցությամբ


13:45 , 11 հուլիս, 2015

Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը։  BlogNews.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ 25-ամյակի կապակցությամբ որոշել են փախչել ամռան տապից ու գնալ քաղաքից դուրս։

«Եղել են տարիներ, երբ Երևանում եմ տոնել ծնունդս, սակայն հուլիսին միշտ շատ շոգ է լինում, և հիմնականում նախընտրում եմ քաղաքից դուրս գնալ։ Այս դեպքում և՛ մաքուր օդ էր, և՛ ավելի մտերմիկ միջավայր»,- ասաց Սևակը։

Երգչի փոխանցմամբ՝ տարեդարձի կապակցությամբ մի շարք նվերներ է ստացել, սակայն ինքը նվերներին մեծ նշանակություն չի տալիս։ Այնուամենայնիվ, կար մի անակնկալ նվեր, որը երգչին շատ է տպավորել։ «Ես շատ եմ սիրում քամանչա գործիքը։ Ինձ հրավիրեցին խանութ, և իմ երգերի ներքո այդ գործիքը նվիրեցին»,- ասաց նա՝ չցանկանալով բացահայտել, թե ումից էր ստացել նվերը։ Ամեն դեպքում մեզ հաջողվեց պարզել, որ խոսքն իգական սեռի ներկայացուցչի մասին է:)

Երգչի համար անակնկալ է եղել նաև թեհրանցի երկրպագուհու անակնկալ ներկայությունն իր տարեդարձին։ «Նա իմ երկրպահգուհին է, ում հետ արդեն բարեկամացել ենք, ինձ համար անակնկալ էր, որ տարեդարձիս նա եկել էր Երևան»,- նշեց Սևակը, ով գործընկերներից հյուրընկալել է երգիչ Հայկ Հունանյանին, Ռուբեն Սասունցուն, դերասան Դավիթ Աղաջանյանին։

Անդրադառնալով առաջիկա ստեղծագործական նորություններին՝ Սևակը հայտնեց, որ այժմ աշխատում է իր նոր ալբոմի վրա, որը նախատեսում  է թողարկել աշնանը։ «Առաջիկայում ունեմ նաև համերգներ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Բեյրութում, Երևանում, բացի այդ՝ պատրաստվում եմ նոր տեսահոլովակ թողարկել։ Ամերիկահայ երգիչ-ստեղծագործող Լևոն Գաթրճյանն ինձ տարիներ առաջ հայրենասիրական երգ էր նվիրել, որը կոչվում է «Մի մոռանա քո ազգին»։ Որոշել եմ անդրադառնալ այդ երգին։ Նախորդ տեսահոլովակիս համար համագործակցել են Արվին Քոչարյանի հետ, այս անգամ ևս իր հետ եմ աշխատելու»,- ասաց նա ու հավելեց, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսել են։ Սևակը հույս հայտնեց, որ աշնանն արդեն կարող է ներկայացնել նոր տեսահոլովակը։

BlogNews.am-ը շնորհավորում է Սևակին և հաջողություն մաղթում։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի