Երեք ցանկություն


11:36 , 13 նոյեմբեր, 2012

Մի տիրակալ իր իմաստուններից մեկին ասաց.
- Սիրտս երեք բան է ուզում: Առաջին ցանկությունս այն է, որ ոչ ոք այնպիսի զանցանք չգործի, որ չկարողանամ ներել: Երկրորդ ցանկությունս այն է, որ երբեք այնպես չպատահի, որ չկարողանամ ինձ դիմող կարիքավորի խնդրանքը բավարարել: Երրորդ ցանկությունս այն է, որ երկարակեցությամբ ոչ ոք չկարողանա հասնել ինձ:
Լսելով այս՝ իմաստունը ժպտաց, իսկ տիրակալը նրան հարցրեց.
- Ինչո՞ւ ես ծիծաղում:
- Ինչպե՞ս չծիծաղեմ, - ասաց իմաստունը, - երբ դու քեզ համար ցանկանում ես այն, ինչը միայն Աստծուն է հատուկ:
Տիրակալը նրան պատասխանեց.
- Թող իմ խոսքերը մնան գաղտնի, պահպանիր եւ մի տարածիր, քանի որ գիտեմ, որ յուրաքանչյուր ոք, որ դրանք լսի, պիտի ծիծաղի վրաս: