Օսիպյանը ալկոհոլ չգտավ


11:08 , 27 հունիս, 2015
Pastinfo.am-ը գրում է.
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր վաղ առավոտյան դարձյալ Բաղրամյան պողոտայում էր: Նրա խոսքով ահազանգ էր ստացվել՝ ցուցարարների շարքերում ալկոհոլ օգտագործած անձնավորության մասին:
 
Փոխոստիկանապետն ու ոստիկանները շրջեցին ցուցարարների շարքերում, բայց ո՛չ ալկոհոլ օգտագործած մարդ, ո՛չ էլ ալկոհոլ չգտան:
 
Ի դեպ, ցուցարարները փոխոստիկանապետին հայտնեցին, որ Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը Բաղրամյան պողոտայից չի հեռացնում հավաքված աղբը:
 
Նստացույցի մասնակիցներն ամեն առավոտ մաքրում են տարածքն ու հավաքում աղբը, բայց այն արդեն երկրորդ օրն է, մնում է պողոտայի մի հատվածում կուտակված: Վալերի Օսիպյանը հայտնեց, որ իրեն չի հաջողվում կապ հաստատել «Սանիթեք»-ի հետ, ապա հավելեց, որ «այդ մարդիկ իրենց դժգոհությունն են ներկայացրել»:
 
«Որոհհետև դուք հարակից տարածքից բոլոր աղբահանման տարաները, այսպես ասած՝ առգրավել եք, թույլ եք տվել օրենքի խախտում, այն դեպքում, երբ ամեն մի տարան մեծ քանակի ազգաբնակչություն է սպասարկում»,- ասաց Օսիպյանը:
 
Հիշեցնենք՝ նստացույցի մասնակիցները հարակից փողոցներում տեղադրված աղբամանները հավաքել են Բաղրամյան պողոտայում՝ որպես բարիկադներ դասավորելով, քանի որ հունիսի 23-ին ջրցան ավտոմեքենայի միջոցով ցույցը ցրելուց հետո, հավաքի մասնակիցներն այդ կերպ փորձում են ապահովել իրենց անվտանգությունը: