20:34 , 9 նոյեմբեր, 2012
Ողջո՜ւյն մոտալուտ քննությունների և ստուգարքների մասին մտորումներից տանջալլուկ ուսանողություն, ինչպես նաև հարևան-բարեկամների մոտ «էրեխես էս տարի բարձրագույն ընդունվավ» խոսքերը առանձնահատուկ ոգևորությամբ արտաբերող ծնողներ: Ինչպես հասկացաք, այս շաբաթ քննարկման թեման բարձրագույն ուսումնական հաստատություններն են ու դրանց դերը մեր հասարակության մեջ:
Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ ԲՈՒՀ ընդունվելը տարեցտարի վերածվում է նորաձևության: Մի կողմից վատ չէ, երբ երկրում ավելանում են կիրթ մարդիկ, սակայն… Արդյո՞ք ցանկացած բարձրագույնավարտ կիրթ է ու ստացել է համապատասխան գիտելիքներ: Իսկ արդյո՞ք մեր երկիրն ունի այդքան մասնագետների կարիք: Լեզվաբանական համալսարանի անգլերեն բաժինն, օրինակ, տարեկան ավարտում է մի քանի հարյուր ուսանող: Ու եթե համարենք, որ նրանք բոլորն էլ լավ մասնագետներ են, ապա որտե՞ղ պիտի նրանք աշխատեն: Ստացվում է, որ մեր կրթօջախներն առաջարկում են ավելի շատ մասնագետ, քան պահանջում է աշխատաշուկան: Սա ընդամենը մեկ օրինակ: Սակայն դրան հակառակ` երկրում գնալով աճում է միջին մասնագիտական կրթություն ունեցողների պահանջարկը, սակայն տեխնիկական կրթությունը հասարակության մեծ մասի մոտ մի տեսակ անընդունելի է: Հաճախ ծնողները այն հարցին, թե որտեղ է սովորում ձեր երեխան, պատասխանում են` «բժշկական»` չշարունակելով քոլե՞ջ, թե՞ համալսարան, կարծես խուսափելով արտաբերել այդ նորաձև քոլեջ բառը:
Մյուս կողմից՝ ԲՈՒՀ-ական կրթությունը բերում է նաև այլ խնդրի, երբ ուսանողը, մի կերպ ավարտելով ԲՈՒՀ-ը, բնականաբար չի գտնում համապատասխան աշխատանք, ու սկսվում է հոգեբանական բարդույթների շարքը. «Ես` բարձրագույնավարտ մասնագետս, գնամ սվա՞ղ անեմ…»:
Իսկ ծնողներն էլ, ովքեր, անխոնջ աշխատելով, վճարել են իրենց երեխայի թանկ ուսումը, որպեսզի նա հետագայում մրցունակ մասնագետ դառնա կամ որ հարևան-բարեկամներից հետ չմնա, սկսում են մեղադրել բոլո՜ր-բոլորի՜ն՝ բացի իրենցից ու իրենց երեխայից:
Մյուս կողմից հաճախ անտեսվում են նաև երեխայի հնարավորություններն ու ունակությունները հենց ծնողների կողմից: Չնայած որ երեխան կարող էր լավ խոհարար, եռակցող կամ շինարար դառնալ, նրան ստիպում են, որ նա վատ տնտեսագետ լինի:
Ամեն դեպքում, եկե’ք հասկանանք՝ ինչ է ԲՈՒՀ-ը մեզ համար, որն է դրա դերը մեր կյանքում: Արդյոք իրավունք ունե՞ն ընդունվել ԲՈՒՀ և այն ավարտել` այդպես էլ չմասնագիտանալով: Ի վերջո, բարձրագույն կրթությունը ժամանակի պահա՞նջ է, թե՞ սկզբունքայնություն: