Ի պատասխան հուշարձանները Երևան ցուցադրության տեղափոխելուն դեմ փաստարկներ բերողների


17:41 , 9 նոյեմբեր, 2012

Որևէ մեկը կարո՞ղ է ռացիոնալ փաստարկներով ու նույնքան ռացիոնալ լեզվով ինձ բացատրել.
- Ինչո՞ւ չի կարելի մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխել մշակութային արտեֆակտները (նյութական մշակույթի առարկաները),
- Ինչո՞ւ չի կարելի ժամանակավոր կամ անժամկետ հիմքերով դրանք ցուցադրել, ասենք, Երևանի թանգարաններում՝ բերելով Հայաստանի այլ վայրերից բնականաբար:
Բերում եմ մի քանի ամենատարածված փաստարկներ, որ կիրարկում են տեղափոխելուն ու, համապատասխանաբար, Երևանում դրանք ցուցադրելու դեմ հանդես եկողները.
1. «…դրանք սրբություն են…»: Սրբություն չեն, ընդամենը մշակութային արտեֆակտ են: Հա, դրանք նյութական մշակույթի արժեքներ են, բայց արդեն լայն ընկալումով արժեք է ոչ թե բուն առարկան, այլ՝ թե ինչպես է այն ակտուալացվում, մեկնաբանվում ու վերամեկնաբանվում ակտուալ մշակութային իրավիճակում, իսկ, պնդելով, որ դրանք սրբություն են, փաստորեն ակնառու փորձ է արվում այդ արժեքները հանել ակտուալ մշակութային իրավիճակից: Այնպես որ, խնդրում եմ կողմնորոշվեք՝ ինչի՞ համար եք պայքարում՝ մշակույթի՞ համար, թե՞ դրա դեմ: Իսկ որպես արտեֆակտ՝ այդ առարկաները կարող են տեղափոխվել, կոնսերվացվել, պահպանվել պահոցներում (արխիվացվել), դառնալ հետազոտությունների առարկա, ցուցադրվել:
2. «…թող այդ ամենը՝ կոնսերվացում, պահպանում… ցուցադրում… տեղում անեն… ինչո՞ւ են Երևան տեղափոխում…»: Տեսեք՝ այս փաստարկը բերում են նույն մարդիկ, որ պմդում են, թե սրբություն է՝ փաստացի մերժելով իրենք իրենց ու պաշտպանելով արտեֆակտ լինելու թեզը :) Բայց էականը սա էլ չէ՝ թող անեն, ո՞վ է դեմ: Ուրեմն եթե ընդունում ենք, որ արտեֆակտ են, ապա դրանք կարող են լինել Երևանի թանգարաններում, պրովինցիալ որևէ քաղաքի թանգարաններում, աուտենտիկ վայրում, եթե այն հայտարարված է ու իրացվում է որպես թանգարանային վայր: Այս մոտեցումներից յուրաքանչյուրը ոչ թե հակասում է մյուս երկուսին, այլ դրանք փոխլրացնում են միմյանց: Ընդհանրապես, աուտենտիկության գաղափարը ամենատարածվածներից է՝ որպես փաստարկ: Այս առումով պետք է նկատեմ. եթե ֆիզիկապես վայրը աուտենտիկ է, դա ամենևին էլ չի նշանակում, թե տեղում թողնելով՝ պահպանվում է աուտենտիկությունն ընդհանրապես: Ի վերջո, սոցիալական ու մշակութային իրավիճակն է չէ՞ աուտենտիկության առանցքային գաղափարը: Իսկ տվյալ դեպքում՝ դրանք փոխված են ու անկասկած փոխված են:
3. «…տեղափոխվող առարկաները այսօր էլ կուլտի օբյեկտ են…»: Նախ՝ դրանց փոքր մասը՝ պետք է ենթադրել: Երկրորդ, որն անհամեմատ առավել կարևոր է, եթե իսկապես կուլտի օբյեկտներ են, ապա դրանց կոնսեվացման ու պահպանման մասին պետք է մտահոգվել առաջին հերթին: Դժվար չէ ենթադրել, որ ծառայելով որպես կուլտի օբյեկտներ՝ դրանք արագ քայքայման վտանգի տակ են: Ասածս, իհարկե չի վերաբերում գործող եկեղեցիներին: Ծիծաղելի կլիներ, եթե ռացիոնալ մտածողության որևէ մեկը փորձեր գործող եկեղեցի տեղափոխել ու ցուցադրել թանգարանում :)
4. «…արտեֆակտները տեղափոխելը փակում է տեղերում տուրիզմը զարգացնելու ճանապարհը…»: Դե, սա այնքան անհեթեթ փաստարկ է, որ անտեղի եմ համարում անգամ մեկնաբանել այն: Իրականում հակառակն է :)
5. Ամենաշատը կոնսպիրաֆիլիայի հարթությունում բերվող փաստարկներն են, իհարկե՝ սկսած «… մենք (այս հարցում ակտիվություն իրացնողները) ավելի շատ գիտենք, քան դու (սովորական դիտողս), այնպես որ՝ հավատա ու հավանություն տուր…» ու վերջացրած «… կառավարությունը, դրա անդամը կոռուպցիոն, շահադիտական նպատակներ ունեն…»: Դե, առաջին շարք փաստարկներին չեմ էլ անդրադառնում: Ինչ վերաբերում է երկրորդ շարքին: Հա, կառավարությունը, ասենք, 1000 անգամ ավելի վատն է ու կոռումպացված, քան կարող են ենթադրել որոշմանը դեմ հանդես եկողները: Հետո ի՞նչ: Եկեք կողմնորոշվենք հա՝ մշակութային պրոցեսների՞ մասին ենք խոսում, թե՞ քաղաքական պայքար ենք իրացնում, ընդ որում՝ առանց որևէ սկզբունքի:

Մշակութային արտեֆակտների, դրանց հետ վարվելու մասին միջազգային բազմաթիվ պայմանագրեր ու դեկլարացիաներ կան, ու չեմ զարմանա, եթե դրանց բոլորի տակ Հայաստանի ստորագրությունն էլ լինի: Սա՝ մի կողմ, ու իրականում հետաքրքիր էլ չէ: Տվյալ հանգամանքներում առավել կարևոր է թեկուզ այն դիտարկումը, որ ակտուալ մշակութային պրոցեսը ենթադրում է արտեֆակտների տեղափոխում, ակտուալացում, ռեպրեզենտացիա, ու այս մասին պատմում են հենց նույն մշակութային արտեֆակտները: Ուշադիր եղեք, խնդրում եմ, պատմությունն ու մշակութային պրոցեսը ինչ-որ X կետում չեն դադարում, ինչքան էլ հարմար լինի այդպես մտածելը:
Եկեք ուրիշ բան քննենք՝ սպառողականությունը, որ ակնհայտ է արդեն հա՛մ կառավարության դիրքորոշումներում, հա՛մ էլ դրա դեմ բողոքողների գործողություններում:
Հա մի բան էլ. ենթադրենք՝ ես էլ եմ կոռումպացված: Հա, հնարավոր է: Բայց միևնույն է, դրանից ասածներիս պատասխան փնտրելու անհրաժեշտությունը չի վերանում: Եթե, իհարկե, որևէ մեկին ռացիոնալ փաստարկները պետք են: Իսկ իրականում չեմ էլ կասկածում՝ պետք չեն: Կարևորը ձեռքերը «բոլոր ուղղություններով թափահարելն է…» ու մեկ էլ պաթոսը: