Ձիթողցյանի անիրական իրականությունը առաջին հայացքից կասկածանք է առաջացնում` լուսանկա՞ր է: Իրականում յուղաներկ կտավ է: Արևմուտքի արվեստաբանները նրա գործերը հիպերռեալիզմ են անվանում: Տիգրանը համաձայն չէ. հիպերռեալիզմը արտանկար է, ինքը չի արտանկարում.
«Սա հիպերռեալիզմ չի, իլյուզիա է, ռեալիզմի: Ինտերպրետացիա է, ոչ թե արտանկար, -ասում է Տիգրան Ձիթողցյանը:
Ձիթողցյանի յուրահատուկ տեխնիկան տարիների հետ է ձևավորվել: Արվեստ նա ներխուժել է 10 տարեկանում: 12-ում հրավիրել են Մոսկվա: 14 տարեկանում Տիգրան Ձիթողցյանն անհատական ցուցադրությամբ Նյու Յորքում էր: Ուսանողությունն անցել է Երևանում: Համաշխարհային հայտնիության ճանապարհը` Եվրոպայում: Կայացման ընթացքը՝ Նյու Յորքում:
Ձիթողցյանը ժամանակակից արվեստը տեխնիկական ռենեսանս է անվանում: Տեխնոլոգիաները փոխարինեցին մարդուն: Նրա «Միլենիումն» ու «Հայելիները» հենց մեր անհոգի իրականության արտացոլումն են:
«Ամենակարևոր կասկածելն է… ես միշտ կասակծում եմ: Կասկածում եմ՝ ուր եմ գնում, ինչի համար»:
Այսօրվա մեր օրը մի քիչ մթնած է, բայց հետևից լույս է գալիս, այսպիսին է տեսնում Տիգրանը Հայաստանը: Հին պատմության գեղեցկությունն ու տխրությունը… նրա Հայաստանը՝ Նորքի ծերանոցում: Տիգրան Ձիթողցյանի «Հայելիների» վերջին դիմանկարը տարբերվում է: Թափանցիկ ձեռքերի ու երիտասարդ կանանց փոխարեն Տիգրանը նկարել է տատիկի, որը նույնանում է հին ու իմաստուն Հայաստանի հետ:


