04:55 , 19 հունիս, 2015Իտալացի լուսանկարիչ Պաոլո Մարչետտին (Paolo Marchetti) World Press Photo 2015 մրցույթին է ներկայացրել ոչ մեծ ֆոտոռեպորտաժ` Կոլումբիայում գործող կայմանների (ալիգատորների ընտանիքի սողուններ) ֆերմայի առօրյա կյանքից։
Կոկորդիլոսների ֆերմաներ կան գրեթե բոլոր էկզոտիկ երկրներում և դրանք միշտ մեծ պահանջարկ են վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Սակայն նրանցից քչերն են իրենց հարց տալիս, թե ինչ ապագա է սպասվում այդ ֆերմայի բնակիչներին։ Իսկ այդ ապագան ամենևին նախանձելի չէ. դառնալ պայուսակներ, ճամպրուկներ, դրամապանակներ, գլխարկներ ու այլ կաշվե իրեր։ Հենց այդ ճակատագրին էլ արժանանում են նաև կոլումբիական կայմանները։
Կայմանների կաշին դժվար է մշակվում և պիտանի են դրա միայն կողային հատվածները։ Այդ իսկ պատճառով, մինչև անցած դարի երկրորդ կեսը, այս կենդանիները կոմերցիոն հետաքրքրություն չէին առաջացնում։ Բայց 1950–ական թվականներին` այլ տեսակի կոկորդիլոսների ոչնչացումից հետո, սկսվեց այս կենդանների որսը։
Ժամանակի ընթացքում կոլումբիական կայմանի կաշվի պահանջարկը մեծացավ` շնորհիվ իր ամրության և որակի։ 1990 թ.–ից Կոլումբիայում դրանց վերամշակումը զգալիորեն աճել է։ Կոկորդիլոսների որսն արգելված է, իսկ դրանց պոպուլյացիան կախված է գետում ձկների առկայությունից, որն էլ նրանց հիմնական կերն է հանդիսանում։
Ֆերմերները պետք է ոչ միայն անազատության մեջ բուծված կայամններով լրացնեն դրանց պոպուլյացիան, այլև շուկա մատակարարեն առանձնացված կաշին ու մսի նրբահամ հատվածները։
Պաոլո Մարչետտիի ֆոտոռեպորտաժը սկսվում է բավական դաժան պատկերներով։ «Զոհի դահլիճ». այսպես են ֆերմայի աշխատակիցները կոչում այն սենյակը, որտեղ մորթում են կայմաններին։
«Սառնարյուն Կոլումբիա» ֆոտոշարքը World Press Photo 2015 մրցույթում զբաղեցրեց պատվավոր երրորդ հորիզոնականը։
Paolo Marchetti on Cold Blood Colombia from World Press Photo on Vimeo.