10:31 , 9 նոյեմբեր, 2012
Կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին անցում կատարելու կողմնակիցները որպես այդ փոփոխության հիմնական պատճառ կամ միգուցե շարժառիթ ընդգծում են իրական բարեփոխումների հասնելու հարցը, ինչը, մեղմ ասած, այդքան էլ ծանր փաստարկ չէ: Կարծում եմ՝ այս ամենը բացի ժամանակ ձգելուց կամ պրոցեսներին քաղաքական ընթացք հաղորդելուց մեկ այլ կարևոր, սակայն միաժամանակ ցավալի տարր է պարունակում: Իրականում մեզանում քիչ են այն լիդերները, ովքեր կարող են հավակնել նախագահի պաշտոնին: ԲՀԿ-ն, իհարկե, ունի իր ընդգծված լիդերը, սակայն որքան էլ որպես գործիչ նա բարձր վարկանիշ ունի, բայց նրա հավակնությունը ակնհայտորեն նախագահի պաշտոնին չեն ձգում: Նույնը վերաբերվում է ՀՅԴ-ին. Վահան Հովհաննիսյան, Արմեն Ռուստամյան… Սակայն այսօր ո՛չ նրանք, ո՛չ էլ ՀՅԴ-ն իրենց «մարզավիճակում» չեն, կամ միգուցե չի ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, երբ նրանք կլինեին նախագահի ամենապահանջված հավակնորդները: Այս պարագայում ակնկալել, որ խորհրդարանական կառավարման համակարգի դրոշակակիրները կխոստովանեն իրենց առաջադրած խնդիրների անկեղծ պատճառներ, ուղղակի անհնար է: Միաժամանակ արժե շեշտել, որ նույնիսկ հստակ «քաղաքական օրակարգի» առաջադրումը քաղաքական պայքարում հաջողություն չի խոստանում, եթե այն պարուրված չէ ուժեղ փաստարկներով:
Հ.Գ. Հետաքրքիր է, կառավարման համակարգի կամ ընտրակարգի փոփոխություն առաջադրող ու առաջ տանող ուժերը կատարե՞լ են անհրաժեշտ վերլուծություններ այն մասին, թե այդ դեպքում ի՞նչ փոփոխություն է պահանջում ու սպասում հասարակությունը: Չեմ կարծում, թե ժողովուրդն իր խնդիրների լուծումը հենց այդ հարցերի լուծման մեջ է տեսնում: