Դիվիդենտի «բերքահավաքը» սկսվում է


20:09 , 16 հունիս, 2015

Արդեն տևական ժամանակ է, ինչ հանրային քննարկումների առանցքային թեման հոսանքի թանկացումն է: Այս առիթով «Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 19-ին նախատեսում է բողոքի ակցիա:

Քաղաքացիական շաժումների ժամանակ բազմիցս ականատես ենք եղել, թե այս կամ այն քաղաքական ուժն ինչպես է փորձում սողոսկել շարժման մեջ և բարձրացնել հասարակության լիդերի հաղթական դրոշը:
Հիմնադիր խորհրդարանն այսօր կոչ է արել բոլորին մասնակցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցին:

Կանախատեսելի էր, որ նմանատիպ հարմար առիթը բաց չեն թողնելու քաղաքական գործընթացներից դուրս մնացած և իրենց սպառած կառույցներն ու շարժումները: 
Պատահականության սկզբունքով, թե դիտավորյալ` դժվարանում եմ ասել, բայց նկատենք, որ Հիմնադիր խորդհրդարանի կազմակերպած միջոցառումները մշտապես համընկել են այս կամ այն խոշոր ազգային տոնի, հասարակական ակցիայի կամ ինչ-որ լայնամասշտաբ շարժման հետ:

Ահա, այս դեպքում նույնպես ՀԽ-ն փորձում է խոշոր քաղաքացիական շարժման ֆոնին հավաքել որոշակի դիվիդենտներ: 
Այս կերպ փորձում է ցույց տալ, թե հանրության կողքին կանգնած է և փորձում է աջակցել նրանց, կամ թե Հիմնադիր խորհրդարանը համախոհների ահռելի բանակ ունի:

Այնինչ, ժողովուրդը գիտակցում է, որ թանկացումներն ուղղակիորեն հարվածում են բոլորի գրպաններին: Հանրությունն այս պահին քաղաքական ուժերի կողմից արվող հանրային կոչերի ու հասարակությանն ուղղված տարատեսակ դիմումների կարիքն ընդհանրապես չունի:

Հ.Գ Եվ այսպես, պարոնա՛յք, քաղաքական դիվիդենտի «բերքահավաքը» համարվում է բացված: