Լիսկայի ու լիսկազգիների ֆենոմենը


15:29 , 15 հունիս, 2015

Հայաստանում բազմաթիվ բաներ ու մարդիկ կան, որոնք փչացնում են հասարակ քաղաքացու կյանքը, բայց քիչ բան կարող է համեմատվել  Լիսկայի ու նրա ազգականների հետ՝ «գաղջ» սերմանելու պոտենցիալի առումով։ Իմ ընկալմամբ՝ սրանք իսկական ֆենոմեն են նորանկախ Հայաստանի պատմության մեջ, որովհետև նույնիսկ ամենադաժան ու արյունարբու դեմքերը մրցակցությունից դուրս են մնում ու առաջին հերթին նրա համար, որ այլ պարագայում նման հարատևություն երբեք չի եղել, ու որ ամենակարևորն է՝ սերնդափոխության առումով այդ դաժանությունն ու արյունարբությունը «որակական» նոր բարձունքների չեն հասել։

Իսկ Լիսկայի ու նրա գերդաստանի պարագայում ամեն ինչ այլ է։ Եթե այլ մականունավոր պաշտոնյաների մեծամասնության պարագայում որդիներն էապես զիջել են իրենց հայրերին բիրտության ու անմակարդակության առումով, ապա Լիսկայի պարագայում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որդյակն ու որդյակները հավակնում են այն աստիճան գերազանցել Լիսկային ու իր եղբայրներին, որ մոտ ապագայում Լիսկան անմեղ գառ կարող է թվալ նույն Տիգրան Խաչատրյանի համեմատ։

Իրոք, մարդը պետք է ինչ-որ հոգեկան պաթոլոգիա ունենա, որպեսզի սեփական երեխային դաստիարակի այնպես, որ նա մեծանա բառիս բուն իմաստով սադիստ, ու դրան էլ գումարվեն ագրեսիան, ամենաթողությունն ու անսահման լկտիությունը (միայն այն դրվագը, երբ Տիգրան Խաչատրյանին բերման էին ենթարկել Մաշտոցի պողոտայի մայթերի վրա մեքենա քշելու համար, շատ բնութագրող է)։

Ու այսօր բանը հասել է նրան, որ անձամբ իմ կարծիքով, ի դեմս առնվազն Տիգրան Խաչատրյանի, գործ ունենք անուղղելի սրիկայի հետ, ով հորից էլ վատ մարդ է ու միայն ավելի վատն է դառնալու, եթե վիրահատական եղանակով չհեռացվի հասարակության մարմնից։ Նրա ու նրա նմանների տեղը կալանավայրերն են կամ էլ հոգեբուժարանները, որովհետև նման պաթոլոգիկ դաժանություն ու վայրագություն հոգեպես առողջ մարդուց ակնկալելն այդքան էլ ճիշտ չէ։ Ու դա պետք է անել այդ թվում նաև իրենց՝ Լիսկայի ու լիսկազգիների անվտանգության համար, որովհետև եթե այսպես շարունակվի, ես խիստ կզարմանամ, եթե այդ գերդաստանի տղամարդիկ ու առաջին հերթին Տիգրան Խաչատրյանն իրենց մահկանացուն կնքեն բնական մահով ու ծերության ժամանակ...

Այլ կերպ ասած՝ Լիսկայի ֆենոմենը կայանում է նրանում, որ ինքն իր գերդաստանը դարձրել է իսկական հիվանդագին գոյացություն հասարակության մարմնին, ու այդ գոյացությունն այնքան ցավոտ է, որ վաղ թե ուշ հասարակական «օրգանիզմը» ձերբազատվելու է դրանից, և եթե այդ ձերբազատումը չապահովի «բժիշկը»՝ ի դեմս պետություն, դա կանի «իմունային համակարգը»՝ պարզապես ոչնչացնելով հիվանդագին գոյացությունը։