14:35 , 8 հունիս, 2015
Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ դարձած անմոռուկն անհետացավ ապրիլի 24-ից օրեր անց: Ամբողջ Երևանը և մարզերը կարծես դարձել էին «անմոռուկի փնջեր»: Տարբեր որակի, չափերի և գների անմոռուկներ կարող էիր գնել ամենուր՝ գետնանցումներում, կրպակներում, մեծ և փոքր առևտրի կենտրոններում, անգամ փողոցում հանդիպած արևածաղիկ վաճառող տատիկից: Կգտնեիր անգամ անմոռուկի տեսք ունեցող վզնոցներ, ականջողեր, մազակալներ, անգամ անձրևանոց: Անմոռուկն ամենուր էր՝ խանութների, սննդի կետերի (նկատել եմ անգամ հասարակական զուգարանի դռան վրա), ամեն 2-րդ մեքենայի ապակիների և ամենաանհավանական վայրերում: Փակցնում էին՝ չիմանալով խորհրդանիշի իմաստը, արժեքը և նշանակությունը: Այդ օրերին հեռուստատեսությամբ բոլորը եթեր էին դուրս գալիս անմոռուկի կրծքանշանով, այնուհետև ապրիլ ամսի վերջանալուն պես անմոռուկներն անհետացան հագուստի վրայից: Կրթության և գիտության նախարարության հրամանով Հայաստանի բոլոր դպրոցներում պարտադիր կերպով յուրաքանչյուր դասարան պետք է պատրաստեր ամենաքիչը 150 թղթե անմոռուկ, ո՞ւր են այդ անմոռուկները, ի՞նչ նպատակով էին դրանք պատրաստվել: Իզուր չէ ասված, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Իսկ 100-րդ տարելիցը դեռ շարունակվում է, հարգելի՛ ազգակիցներ: