«Ազատ գոտուց» մինչև գրական ստեղծագործություն


21:31 , 6 նոյեմբեր, 2012

«Ազատ գոտի» հաղորդաշարով հերթական «հայկական» թեման է շոշափվում` հարսը մնա ամուսնու ծնողների՞ հետ, թե՞ առանձին ապրի:
Ձեզ եմ ներկայացնում Արտաշես Քալանթարյանի ստեղծագործություններից մեկը «Մի բուռ ծիծաղ» ժողովածուից.
ԿՌԻՎ 
Ուստա Վահրամի տունը: Տանն են բոլորը՝ բացի ուստա Վահրամից: Տիկին Վարդուհին սեղան է պատրաստել: Հարսները օգնում են նրան: Տղաները նարդի են խաղում: Այս ու այն կողմ են գնում թոռները: 
ՎԱՐԴՈՒՀԻ – Ի՞նչ եղավ էդ մարդուն:
ԳԵՎՈՐԳ – Ջահել մարդ է, ա՜յ մեր, ի՞նչ իմանաս…
ՎԱՐԴՈՒՀԻ – Դե ձենդ, անլուրջ:
ԷԴԻԿ – Զառդ գցիր… Մի բաժակ ջուր կտա՞ս, հարս ջան…
ԺԵՆՅԱ – Հիմա, եղբայր:
ԳԵՎՈՐԳ - Էդ ինչի՞ քո կնոջը չես ասում...
ԷԴԻԿ – (Ծիծաղում է) Շատ եմ ծարավ… (խմում է) Ապրես, հարս ջան:
ԺԵՆՅԱ – Անուշ, եղբայր:
ԳԵՎՈՐԳ – Էդ որտե՞ղ ես հաց կերել:
ԷԴԻԿ – Սովից եմ խմում…Իսկապես` ի՞նչ եղավ հայրիկը…
(Ներս են ընկնում երկու փոքրիկ):
ՓՈՔՐԻԿՆԵՐ- Պապին եկա՜վ, պապին եկա՜վ, լվացվում է…
(Տղաները թողնում են նարդին, վեր են կենում: Վարդուհին դուրս է գալիս դիմավորելու ամուսնուն, հարսները հացն են դնում սեղանին: Աղմկոտ, երջանիկ տուն է): 
ՎԱՀՐԱՄ – Բարի իրիկուն… (երեխաները փարվել են ոտքերին) Վայ, ես ձեր ցավը տանեմ, գառնուկներ ջան… (գրպանից կոնֆետ է հանում) դե, առեք, առեք, վազեք…
ՎԱՐԴՈՒՀԻ – Շատ ուշացար, Վահրամ ջան…
ՎԱՀՐԱՄ – Գործ կար, այ կնիկ, գործ կար…Դե նստեք, ժողովուրդ…
(Տեղավորվում են):
Ուրեմն էսպես…էսօր կանչեց ինձ մեր գործկոմի նախագահը ու ասաց՝ ուստա Վահրամ, էսպես ու էսպես, հաշվի առնելով ձեր ընտանիքի բազմանդամ վիճակը և էլի շատ ուրիշ բաներ՝ գործկոմը ձեր ընտանիքին երկու սենյականոց բնակարան է հատկացնում շրջկենտրոնի նորակառույց շենքում, ուզում ես՝ դու գնա, ուզում ես՝ տղաներիցդ մեկին ուղարկիր… Մի փոքր բարելավեք ձեր վիճակը: Ըհը, ասաց, օրդերն էլ տալիս եմ… ում անուն-ազգանունը վրան գրեք, նա էլ կստանա: Էդպես ասաց: Ահա օրդերը…
(Գրպանից հանում է, պարզում է օրդերը, ոչ ոք չի վերցնում):
ՎԱՐԴՈՒՀԻ – Տուր տեսնեմ (վերցնում նայում է): Իսկ դու չասացի՞ր, որ մենք տասներկու հոգի ենք, երկու սենյականոցի մեջ ինչպե՞ս պետք է տեղավորվենք:
ԼԵՆԱ – Ճիշտ որ, մայրիկ…
ՎԱՀՐԱՄ - (Հեգնում է) Ներողություն խնդրեց: Ասաց` շատ ներողություն, որ դեռ ութ սենյականոց բնակարաններ չենք կառուցում:
(Տղաները ծիծաղում են):
Վարդուհի ջան, հենց ես ու դու էլ չպոկվե՞նք գնանք: Հերիք է, էլի, մեծացել ենք, աղմուկը շատ է, հոգսը մեծ է, օր ծերության հանգիստ ապրենք: Հը՞: Ախր դու հիմա շատ ես հոգնում… էն օրն էլ չէի՞ր ասում, թե ձեռքերս ցավում են…
ՎԱՐԴՈՒՀԻ - Ո՞վ է ասել:
ՎԱՀՐԱՄ – Դու չէի՞ր ասում:
ՎԱՐԴՈՒՀԻ – Ե՞րբ:
ՎԱՀՐԱՄ - (Հեգնում է) Սպասիր մտքիս բլոկնոտի մեջ նայեմ… (իբր մտածում է) ուղիղ երեք
օր առաջ:
ՎԱՐԴՈՒՀԻ – Է, երեք օր առաջ լավաշ էի թխել, ցավում էին ձեռքերս, չասեի՞…
ՎԱՀՐԱՄ – Գնացի տեսա, լավ էլ բնակարան է, երկրորդ հարկում: Ջուրը մեջը, էն բանը մեջը, բաղնիքը առանձին, երկու բալկոն…
ՎԱՐԴՈՒՀԻ – Լո՞ւրջ ես ասում: 
ՎԱՀՐԱՄ – Ի՞նչը:
ՎԱՐԴՈՒՀԻ – Մեր գնալը:
ՎԱՀՐԱՄ – Լուրջ:
ՎԱՐԴՈՒՀԻ - Հետո՞, առանց երեխաների ո՞նց պիտի ապրենք: 
ՎԱՀՐԱՄ – Հետաքրքիր մարդ ես, Վարդուհի, ես քեզ ասում եմ, գնանք…պրծնենք երեխաներից, հանգստանանք, իսկ դու ասում ես` առանց երեխաների ո՞նց պիտի ապրենք: Եղա՞վ:
ՎԱՐԴՈՒՀԻ – Եղավ: Ինքդ էլ կգնաս ու կապրես:
ՎԱՀՐԱՄ - Ե՞ս: Մենա՞կ:
ՎԱՐԴՈՒՀԻ – Դե հանգստանալ ես ուզում, էլ ի՞նչ կա, ինձնից էլ կհանգստանաս:
ՎԱՀՐԱՄ – Դե լավ, էս մի հարցը փակվեց… Նորից եմ հիշեցնում, այ կին, հետո չփոշմանես`երկրորդ հարկ է, ջուրը մեջը… 
ՎԱՐԴՈՒՀԻ – Վերջ տուր, Վահրամ, ես հողի վրա ապրելուն սովորած մարդ եմ, երկրորդ հարկում գլուխս կպտտվի:
ՎԱՀՐԱՄ – Լավ, էս մի հարցը փակվեց: Ուրեմն գուցե թե դո՞ւ գնաս, Գևորգ:
ԳԵՎՈՐԳ – Ե՞ս, իսկ ինչո՞ւ ես…
ՎԱՀՐԱՄ – Տան մեծ տղան ես: Մեկ: Երեխաներ ունես: Երկու:
ԳԵՎՈՐԳ – Իմ երեխաները ձեզ խանգարո՞ւմ են, հը՞, մամ…
ՎԱՐԴՈՒՀԻ- Ինձ չեն խանգարում:
ԳԵՎՈՐԳ – Ժենյայից դժգո՞հ եք:
ՎԱՀՐԱՄ – Ո՞վ…
ԳԵՎՈՐԳ – Բա էլ ինչո՞ւ եք ուզում մեզ տնից հանել…
ՎԱՀՐԱՄ – Տնից չենք հանում, այ տղա, տուն ենք տալիս: Շենքում է, երկրորդ հարկում…
ԷԴԻԿ – Ջուրը մեջը:
ՎԱՀՐԱՄ – Հա, ջուրը մեջը… Գնացեք, ապրեք կուլտուրական կյանքով, ինչպես վայել է, բա ինչ…
ԳԵՎՈՐԳ – Մամ, էս ի՞նչ է ասում:
ՎԱՀՐԱՄ – Մայրիկիդ ինչո՞ւ ես հարցնում, այ բալա, կնոջդ հարցրու…
ԺԵՆՅԱ – Հայրիկ ջան, մենք ձեզ ի՞նչ ենք արել… Մենք շատ գոհ ենք:
ՎԱՀՐԱՄ – Աղջիկ ջան, ես ձեզ հո արտասահման չեմ ուղարկում… գործկոմն առաջարկում է երկու սենյականոց…
ՎԱՐԴՈՒՀԻ –Գևորգից ձեռք քաշիր, Վահրամ, նրա երեխաները մեծ են, հետևող է պետք…
ԳԵՎՈՐԳ – Իհարկե…
ԺԵՆՅԱ – Շնորհակալություն, մամ ջան… 
ՎԱՀՐԱՄ – Ըհը, էս մի հարցն էլ փակվեց: Էդի՞կ…
ԷԴԻԿ – Ե՞ս…
ՎԱՀՐԱՄ – Դուք…
ԷԴԻԿ – Ես տան փոքրն եմ: Կարգ կա, կանոն կա, հայրիկ, ծնողների մոտ փոքր տղան պիտի մնա: Ճիշտ չի՞, մամ…
ՎԱՐԴՈՒՀԻ – Իհարկե:
ԼԵՆԱ – Երևի ինձ խոսք չի հասնում, հայրիկ, բայց հեքիաթներում էլ է այդպես: Չե՞ք հիշում, միշտ փոքր տղան է ընտանիքով մնում ծնողների մոտ:
ԺԵՆՅԱ – Հետո: Հեքիաթներում փոքր եղբայրը միշտ խելոք է լինում, բայց դա չի նշանակում, թե մեծ եղբայրը…
ԳԵՎՈՐԳ – Շատ շնորհակալություն, Ժենյա ջան, դու ինձ փրկեցիր…
ԺԵՆՅԱ - (Շփոթված ծիծաղում է) Դե լավ, էլի, Գևորգ ջան, ես ուրիշ բան էի ուզում ասել…
ԷԴԻԿ – Չէ, հայրիկ ջան, բան դուրս չի գա: Էնքան բարեկամներ, հարազատներ ու ծանոթներ ունենք, ի՞նչ կասեն, եթե իմանան, որ փոքր որդին… այսինքն` ես…
ԳԵՎՈՐԳ – Դե գիտես ինչ, բավական է, Էդիկ տղա… ուրիշ ժամանակ մեծ ու փոքր չես ճանաչում… (հեգնանքով) Փո՜քր որդին… 
ԷԴԻԿ - Ե՞ս… ե՞ս չեմ ճանաչում… Բա եղա՞վ, եղբայր, ե՞րբ չեմ ճանաչել:
ԳԵՎՈՐԳ – Հենց հիմա… 
ԷԴԻԿ- Հիմա, ի՞նչ…
ԳԵՎՈՐԳ – Ես խոսում եմ, իսկ դու պատասխանում ես…
ԼԵՆԱ – Մամ ջան, մամ ջան, դու ասա, էլի, բա դա հնարավո՞ր բան է…
ՎԱՐԴՈՒՀԻ – Չէ, Վահրամ, Էդիկից ձեռք քաշիր… նրա երեխաները փոքր են, հետևող է պետք…
ՎԱՀՐԱՄ – Չհասկացա: Գևորգը չի կարող… որովհետև երեխաները մեծ են, Էդիկը չի կարող… որովհետև երեխաները փոքր են…
ԳԵՎՈՐԳ – Դե հեր ջան, չհասկանալու ի՞նչ կա…
ԷԴԻԿ – Չէ, իսկապես, այդ օրդերը հո ստիպողական չէ, որպես պատի՞ժ են տալիս, ինչ է…
ՎԱՐԴՈՒՀԻ – Լավ, Վահրամ ջան, տան մեծը դու ես, դու էլ վճռիր…Ո՞վ մնա տանը. Գևորգե՞նք, թե՞ Էդիկենք…
ԷԴԻԿ – Ճիշտ է, հայրիկը երբեք չի սխալվի, ավանդներ կան, օրենքներ կան, կարգ կա…
ԳԵՎՈՐԳ – Դեմագոգիա մի սկսիր…
ՎԱՀՐԱՄ – Ուրեմն հարցը էդպես է դրվում, հա՞… Ես պետք է վճռեմ… Ուրեմն ես պետք է վճռեմ… Չէ, ախպեր, դա իմ ուժերից վեր է…
ՎԱՐԴՈՒՀԻ – Տեսա՞ր…
ԷԴԻԿ – Օրդերը ետ տար, հայրիկ, ու ասա այսպես, եթե մեզ նույն շենքի նույն հարկում…
ԺԵՆՅԱ – Նույն աստիճավանդակում…
ԷԴԻԿ – Իհարկե… նույն աստիճավանդակում երեք բնակարան տաք, գուցե թե համաձայնենք:
ՎԱՀՐԱՄ – Կատակը մի կողմ, հիմա իսկապես ի՞նչ անենք, այ ժողովուրդ: Գուցե վիճակ հանենք, հը՞… Խոսեք, տղերք:
ԳԵՎՈՐԳ – Խնդրեմ, բայց ինձ ընկնի թե չընկնի, ես մայրիկից բաժանվողը չեմ:
ԺԵՆՅԱ – Ես էլ:
ԷԴԻԿ – Ես էլ, քանի որ փոքր որդին եմ…
ԼԵՆԱ – Ես էլ, քանի որ փոքր որդու կին եմ, և մեր երեխաներն էլ փոքր են…
ՎԱՐԴՈՒՀԻ – Իմ բալանե՜ր… Չէ՜, մեզ վրա հույս չդնես, Վահրամ…
ՎԱՀՐԱՄ – Դե ես էլ բնակարանի համար օր ծերության հո քեզանից չեմ բաժանվելու, այ կին. մնում է թոռներից մեկին արագ կարգով ամուսնացնել… Ամոթ է, օրդերը հո ետ չենք տալու…
ԳԵՎՈՐԳ – Այ քեզ իմաստուն միտք… Ամուսնանալու համար նրանք անմիջապես վիճակ կհանեն: Հաստատ…
ՎԱՐԴՈՒՀԻ – Հաստատ: Կամուսնանան ու էլի չեն բաժանվի… Ես քո ցեղը հո լավ գիտեմ, ուստա Վահրամ…
(Բոլորը ծիծաղում են)