13:18 , 6 նոյեմբեր, 2012
Եվ այսպես, դու կարծում ես, որ կարելի է ապրել առանց սիրո` ուժեղ կամքով, բարի նպատակներով, արդարամտությամբ, չարիքի դեմ պայքարով: Գրում ես ինձ.«Ավելի լավ է սիրո մասին չխոսել: Այն գոյություն չունի մարդկանց մեջ: Ավելի լավ է չանդրադառնալ նրան: Ո՞վ կարող է արթնացնել սերը կարծր սրտերում»:
Սիրելիս, դու և՛ ճիշտ ես, և՛ սխալ: Ի մի բեր, խնդրում եմ, անհամբեր համբերությունդ և փորձիր հետևել մտքերիս ընթացքին:
Անկարելի է, որ մարդն ապրի առանց սիրո, քանզի սերն ինքնաբերաբար է արթնանում և տիրում մարդուն: Սերը և՛ աստվածատուր է, և՛ բնության պարգև: Մեզ` մարդկանցս, տրված չէ սեփական հայեցողությամբ տնօրինել մեր ներաշխարհը, հեռացնել որոշ հոգեկան ուժեր, դրանք փոխել ուրիշներով կամ ներմուծել նորերը, որոնք ի սկզբանե հատուկ չեն եղել մեզ: Հնարավոր է, անշուշտ, դաստիարակել սեփական անձը, սակայն անհնարին է այն կոտրել և վերստին կերտել ըստ ուզածի: Նայիր, թե ոնց է ընթանում մարդկային կյանքը: Մանուկը կապված է մորը իր սպասումներով, կարիքներով, հույսերով, հաճույքներով, մխիթարությամբ, հանգստությամբ և երախտագիտությամբ: Երբ այս ամենը ձուլվում է առաջին ամենաքնքուշ սիրուն, դրանով որոշվում է նրա ճակատագիրը: Մանուկը փնտրում է հորը` նրանից ակնկալելով արձագանք, օգնություն, պաշտպանություն և առաջնորդություն: Նա վայելում է հոր սերը և ի պատասխան սիրում նրան: Մանուկը հպարտանում է իր հորով ընդօրինակում է նրան, նրա մեջ զգում իր արյունը: Արյան այդ կանչը հետագայում խոսում է նրա մեջ ամբողջ կյանքի ընթացքում, ձևավորում կապվածություն իր քույրերի, եղբայրների և ողջ ընտանիքի հետ: Իսկ երբ հետագայում բռնկվում է սերը «Նրա» հանդեպ, ապա պետք է հոգ տանել, որպեսզի այն «բնախոսական պոռթկումից» վերածվի իրական «աստվածային այցելության» և պետք է ընդունել այն որպես ճակատագիր: Եվ բնակա՞ն չէ արդյոք սիրել սեփական զավակներին այնպես ու այն սիրով, որը մանկական իր երազանքներում ակնկալել է ծնողներից: Ինչպե՞ս ուրեմն շրջանցել սերը: Ինչո՞վ փոխարինել այն: Ինչո՞վ լցնել այն ահարկու դատարկությունը, որ ձևավորվում է սիրո բացակայությոընից:
Անկարելի է, որ մարդը կարողանա ապրել առանց սիրո նաև այն պատճառով, որ այն կենսական ընտրության գլխավոր շարժիչ ուժն է: Կյանքը նման է վիթխարի, անսահմանորեն մեծ ջրի ալիքի, որը փլվել է մեզ վրա և մեզ էլ իր հետ քշում-տանում է: Չի կարելի ապրել այն ամենով, ինչը որ այն պարունակում է իր մեջ: Չի կարելի տրվել այն կործանարար քաոսին, որն իր մեջ ամփոփած ունի այն: Ով կփորձի դա անել, կսպառվի ու կկործանի իրեն և արդյունքում ոչնչի չի հասնի, որովհետև կոչնչանա այդ համընդհանուր խառնարանի մեջ: Պետք է ընտրել` հրաժարվել շատ բաներից հնարավորինս քչի համար և պետք է այդ քիչը պահպանել, հոգ տանել, գնահատել, կուտակել, աճեցնել ու կատարելագործել: Ու հենց դրանով էլ կերտել սեփական անձն ու անհատականությունը: Կենսական այդ ընտրության շարժիչ ուժը հենց սերն է. սերն է, որ «նախընտրում է», «ընդունելի է համարում», «կլանում է», գնահատում է, հոգ է տանում և պահպանում է, հասնում և ձևավորում է հավատարմություն: Իսկ կամքն ընդամենը զենք է սիրո ձեռքին կենսական այդ իրագործումների ժամանակ: Կամքն առանց սիրո դատարկ է, կարծրացած, դաժան, բռնի և որ գլխավորն է` անտարբեր չարի ու բարու հանդեպ: Այն շատ արագ կյանքը վերածում է բանտային կարգապահության` արատավոր մարդկանց ղեկավարությամբ: Աշխարհում բազմաթիվ կազմակերպություններ կան, որ կառուցված են այս սկզբունքի վրա: Թող Աստված հեռու տանի մեզանից այդ կազմակերպություններն իրենց ազդեցություններով… Ոչ, մեզ չի կարելի ապրել առանց սիրո: Սերը մեծագույն շնորհ է տեսնելու լավագույնը, ընտրելու այն և ապրելու նրանով: Սերն օժտում է «այո» ասելու անհրաժեշտ ու թանկագին կարողությամբ, հնարավորություն է տալիս ընդունելու և անձնազոհաբար ծառայելու: Որքան սարսափելի է այն մարդու կյանքը, ով զրկված է սիրուց՝ մեծագույն այդ շնորհից: Ինչպիսի՜ անապատի ու այլանդակության է վերածվում այդ ժամանակ մարդու կյանքը:
Անկարելի է, որ մարդն ապրի առանց սիրո նաև նրա համար, որ սերը մարդու ստեղծարար հիմնական ուժն է: Մարդկային ստեղծարարությունը դատարկ տեղում չի արթնանում և չի ընթանում բաղկացուցիչ տարրերի ինքնահոս կամ բարձիթողի համակցությամբ, ինչպես այսօր մտածում և փորձում են ներկայացնել որոշ գիտուններ: Ոչ, ստեղծել, արարել հնարավոր է միայն աստվածաստեղծ աշխարհն ընդունելով, նրա մեջ ներթափանցելով, նրա հիասքանչ կառուցվածքին պատվաստվելով և ձուլվելով նրա խորհրդավոր ճանապարհներին ու օրինաչափություններին: Մարդը դատարկության մեջ դատարկությունից չի արարում, այլ արարում է արդեն արարվածից, գոյություն ունեցողից՝ ստեղծելով նորը ըստ իրեն տրված բնության և կարողությանց` արտաքին նյութական և ներքին-հոգևոր: Արարող մարդը պարտավոր է խորամուխ լինել աշխարհի խորքերի մեջ և խոսել այնտեղից, հայել սրտի միջոցով, տեսնել սիրով, իր անձնական փոքրիկ կաղապարից դուրս գալ դեպի աստվածայինի ընդարձակ տարածությունները, գտնել դրանցում այն վեհն ու վսեմը, որ համասեռ ու համապատկան է, ներշնչվել նրա մեջ և ստեղծել նորը հնից և չստեղծվածը՝ նախահավիտենականից: Այսպիսին է իրերի դրվածքը մարդկային արարումի բոլոր ոլորտներում, արվեստի բոլոր ճյուղերում և գիտության մեջ, աղոթքում և իրավական կյանքում, մարդկային փոխհարաբերությանց և առհասարակ ողջ մշակույթի մեջ: Մշակույթն առանց սիրո մեռած է, դատարկված և անհուսալի: Այն ամեն հիասքանչն ու հիանալին, որ կա ու ստեղծվել է մարդու կողմից, ստեղծվել է հայող ու սիրո մասին երգող սրտից: Անհնարին է, որ մարդը կարողանա ապրել առանց սիրո, քանզի այն ամենաթանկն ու գլխավորը, որ բացվում է նրա կյանքում, բացվում է սրտի առաջ: Միայն հայող սերն է, որ ի զորու է բացելու մեր առաջ օտար հոգին` ճշմարիտ, խորաթափանց հարաբերությանց համար, փոխհասկացողության համար, ընկերության համար, ընտանիքի համար, երեխայոց դաստիարակելու համար: Այս ամենն անհուսալի են անսիրտ մարդկանց համար: Միայն հայող սերն է, որ մարդու առաջ ի զորու է բացելու հայրենիքը, այսինքն` նրա հոգևոր կապը սեփական կամ հարազատ ժողովրդի հետ, ազգային պատկանելիության հետ, նրա ոգեկան ու հոգևոր անդաստանի հետ այս աշխարհի մեջ: Երջանկություն է հայրենիք ունենալը, իսկ հայրենիք ունենալը հնարավոր է միայն սիրով: Պատահական չէ, որ մարդկանց սրտերում ատելությունն է հիմա, և ժամանակակից հեղափոխականները համաշխարհականներ են դառնում` մահացած՝ սիրո համար և զրկյալ նաև հայրենիքից: Միայն հայող սերն է, որ մարդու առաջ բացում և հասանելի է դարձնում ճանապարհը դեպի կրոնականություն և Աստված: Չզարմանաս, սիրելիս, Արևմուտքի ժողովուրդների փոքր հավատքի կամ անհավատության համար. Հռոմեական Եկեղեցուց նրանք ստացել են թյուր կրոնական պրակտիկա. Սկսելով կամքից և ավարտելով դատողական մտքի ընթացքով՝ նրանք շրջանցել են սիրտն ու կորցրել սրտի հայումը: Սրանով է պայմանավորված կրոնական այն ճգնաժամը, որ ապրում են նրանք այսօր:
Դու երազում ես ուժեղ կամքի մասին: Դա լավ է ու անհրաժեշտ: Սակայն այն նաև սարսափելի է ու կործանարար, եթե չի բխում հայող սրտից: Դու ուզում ես ծառայել բարի նպատակներին: Դա ճշմարիտ է և հիասքանչ: Սակայն ինչպե՞ս է հնարավոր տեսնել նպատակը, եթե ոչ միայն սրտի հայումով: Ինչպե՞ս կզգաս ու կճանաչես այն, եթե ոչ սրտից բխող խղճի ձայնով: Ինչպե՞ս պիտի պահես հավատարմությունը վերջինիս հանդեպ, եթե ոչ սիրով: Դու արդարություն ես ուզում: Մենք բոլորս ենք պարտավոր արդարություն փնտրելու: Սակայն արդարությունը պահանջում է մեզանից մարդընկալման և մարդաճանաչողության գեղարվեստականացված անհատականացում, իսկ դրան կարող է բերել միայն սերը:
Զայրացկոտ պայքարն այն ամենի դեմ, ինչը չար և վնասաբեր է, անհրաժեշտություն է, և վերջինիս անկարողությունը կարող է մարդուն դարձնել սենտիմենտալ դավաճան: Սակայն այդ զայրույթն իսկ պիտի արթնանա և առաջ մղվի սիրով և պետք է լինի հուսկ սիրո մարմնավորումը, որպեսզի հենց սիրո մեջ էլ արդարացում և միջոցներ գտնի:
Ահա թե ինչու ասացի, որ դու և՛ ճիշտ ես, և՛ սխալ:
Ես հասկանում եմ նաև քո առաջարկը, թե ավելի լավ է չխոսել սիրո մասին: Դու ճիշտ ես, պետք է չխոսել սիրո մասին, պետք է ապրել նրանով: Դե ահա նայիր, աշխարհում այսօր թևածում է ատելության բացահայտ և խելահեղ քարոզչությունը, և սիրո հանդեպ համառ և դաժան հալածանք է ծայր առել, որ դրսևորվում է ընդդեմ ընտանիքի արշավանքով, հայրենիքի ժխտմամբ, հավատքի և կրոնի ճնշմամբ: Որոշների անսրտությունն ուղղակի պսակվում է մյուսների ատելությամբ: Նույնիսկ այսօր իր ջատագովներն ունի կարծրասրտությունը, և հայեցակարգի վերածվեց ատելությունը: Իսկ այս ամենը նշանակում է, որ արդեն հասել է ժամը խոսել հենց սիրո մասին և ոտքի ելնել հանուն սիրո պաշտպանության:
Այո, մարդկանց մեջ պակասել է սերը: Մարդիկ այն հանել են իրենց մշակութային կամ բարեկիրթ գործունեությունից, գիտությունից, հավատքից, արվեստից, բարոյականությունից, քաղաքականությունից և դաստիարակությունից: Եվ ի հետևանս այս ամենի, ժամանակակից մարդկությունն այսօր հոգևոր ճգնաժամի մեջ է, որ աննախադեպ ու չտեսնված է իր խորությամբ ու տարածումով: Տեսնելով ու հասկանալով դա` բնականաբար հարցնում ենք ինքներս մեզ` իսկ ով պիտի արթնացնի սերը կարծրացած սրտերում, եթե այն չի արթնացել Քրիստոսի խոսքով: Ինչպե՞ս արթնացնենք այն մարդկային մեր տկար հնարավորություններով ու կարողություններով: Կասկածներն այդ հօդս կցնդեն, եթե լսենք մեր սրտի ձայնը, որ հավաստաիացնում է մեզ հարաժամ, որ Քրիստոս մեզ հետ է ու մեր կողքին:
Ոչ, սիրելիս, անհնարին է ապրել առանց սիրո: Առանց սիրո մենք դատապարտված ենք մեր ողջ քաղաքակրթությամբ ու մշակույթով: Սիրո մեջ է մեր փրկությունն ու ապավենը: