Գոնե ներկայացրածս այս օրենքը կընդունե՞ք


21:44 , 5 նոյեմբեր, 2012

Այս մի օրենքն էլ, որի նախագիծն այսօր ներկայացրել եմ կառավարությանը, իսկական թեստ է կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Գոնե սա կընդունե՞ք։
«Հայաստանի Հանրապետության օրենքը գյուղատնտեսական արտադրության մթերքների վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում թափոնների հետագա տնօրինման եւ հաշվառման իրավական հիմունքները: 

Հոդված 2. Սահմանել, որ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ձեռնարկությունները վերամշակման ընթացքում ստացվող թափոնները պարտավոր են պահպանել դրանց համար նախատեսված ձեռնարկության տարածքում գտնվող հատուկ սենյակներում կամ բացօթյա ցանկապատված միջավայրում:

Հոդված 3. Գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ձեռնարկություններում մթերքների գնման սեզոնի ընթացքում վարել հատուկ գրանցամատյան` օրական գնումների ծավալների նշագրումով: Այդ մատյանները պարտադիր կարգով պետք է կնքվեն կառավարության կողմից նշանակված լիազորված մարմնի կողմից: 

Հոդված 4. Թափոնների համար նախատեսված նշված տարածքների մուտքի իրավունք ունեն վերամշակող գործարանի աշխատակիցները` լիազորված մարմնի կողմից նշանակված պատասխանատուի կողմից թույլտվություն ստանալուց հետո (թափոնների պահեստավորման համար հատկացված տարածքների համատեղ կապարակնքում):

Հոդված 5. ՀՀ կառավարության լիազոր մարմնին` յուրաքանչյուր տարվա մինչեւ դեկտեմբերի 31-ը կատարել վերամշակող ձեռնարկությունների կողմից մթերումների ծավալի վերաբերյալ հայտարարված տվյալների եւ թափոնների ծավալների համեմատություն եւ այդ մասին տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարությանը եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը: 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013թ. հունվարի 1-ից: