19:38 , 27 մայիս, 2015
Վերջին ժամանակները լրատվամիջոցների կողմից քննարկվեց պետական ապարատի պաշտոնյաների բազմաթիվ գործուղումների հարցը: Հաճախ ենք լսում տարբեր միջազգային կառույցներում Հայսատանի կողմից գործուղվող պատվիրակության կազմը, որի քանակը և բովանդակային կազմը բազում հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք մեր բյուջեն ի վիճակի է առանց ճողվածք տալու իր վրա կրել նման բեռը կամ էլ կոնկրետ անձի մասնակցության արդյունավետությունը:
Այսօր կառավարության հերթական նիստին գործադիրը բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով 60 մլն դրամով ավելացրել է «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրով նախատեսված առաջին կիսամյակի գումարը՝ անփոփոխ թողնելով նախատեսված հատկացումների տարեկան գումարը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդիր է դրել հնարավորինս կրճատել գործուղումների թիվը: Խոսքն, իհարկե, չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, պետք է մերժել գործուղման հայտը: Նման հանձնարարություն է տրվել նաև կառավարության աշխատակազմին:
Երբ տնտեսական ցուցանիշները մեր օգտին չեն խոսում, բայց կառավարությունը, այնուամենայնիվ, շարունակում է հնչեցնել տնտեսական աճի վերաբերյալ իր խոստումները և այն ապահովելու վճռականությունը, ապա անհրաժեշտությամբ չհիմնավորված գործուղումների և առհասարակ պետական ապարատի սպասարկմանն ուղղված ծախսերի կրճատումը կարող է հասարակական վստահության հիմք ստեղծել: