Թուրքիայում նշմարվում է կոալիցիա


11:41 , 27 մայիս, 2015

Վերջին շրջանում Թուրքիայում անցկացված սոցհարցումները որոշակիորեն նշմարում են հավանական կոալիցիան: «Denge» հետազոտական ընկերության անցկացրած սոցհարցումներով ԱԶԿ-ն ստացել է 41.9, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական ու Ազգայնական շարժում կուսակցություններն էլ` համապատասխանաբար 24 և 15.1 տոկոս ձայն: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը մոտեցել է ընտրական շեմը հաղթահարելու եզրագծին` 9.9 տոկոս քվե: Ընտրությունների հիմնական ելքը որոշվելու է չկողմնորոշված ընտրազանգվածի քվեների ու պահպանողական քրդերի նախընտրության արդյունքում, այդ թվում նաև` կոալիցիայի հավանականությունը: Կոալիցիայի խնդիրը մեծապես կախված է քրդամետ ԺԴԿ-ի ստանալիք քվեներից: Ակնհայտ է, որ վերջին շրջանում անցկացված սոցհարցումների տվյալներով նվազել են ԱԶԿ-ի ձայները, իսկ ընդդիմադիր ԺՀԿ-ի ու ԱՇԿ-ի քվեներն էական փոփոխությունների չեն ենթարկվել 2011 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների համեմատ: