Սուրիկ Խաչատրյանի միջադեպը մահափո՞րձ էր, թե՞ բեմադրություն


14:37 , 21 մայիս, 2015

Հայկական ֆեյսբուքը եռ է գալիս երեկ երեկոյից՝ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցների պատճառով։ Օգտատերերը քննարկում են երեք հիմնական սցենարներ, բայց զավեշտալի և միևնույն ժամանակ սարսափելի է այն, որ թերևս մեծամասնությունը մի բանում ընդհանուր դիրքորոշում ունի. ափսոսում են, որ մահափորձը ձախողվել է։
Բնավ ցանկություն չունեմ վերլուծելու, թե ինչու է այդպիսի բացառիկ իրավիճակ, ու հանուն ինչի մարդը պետք է համազգային այդպիսի ատելության արժանանա, քանզի հստակ գիտակցում են, որ պատճառները նույնիսկ դպրոցական երեխային են հասկանալի։
Փոխարենը, վերլուծենք քննարկվող հիմնական սցենարները։

1. Մահափորձի բեմադրում

Շատերը վստահ են, որ ոչ մի մահափորձ էլ իրականում չի եղել, և Սուրիկ Խաչատրյանը փորձում է կիրառել նույն այն սցենարը, որը կիրառեց Բուդաղյանների գործի ժամանակ՝ մեղադրյալի կարգավիճակից անցնելով զոհի կարգավիճակի։ Մարդիկ կարծում են, որ իրականում հենց Լիսկայի մարդիկ են կրակել մեքենայի վրա, ընդ որում, Լիսկան դրա մեջ չի եղել, և սա արվել է նրա համար, որպեսզի Լիսկայի որդու հետ կապված վերջին միջադեպից հետո, երբ երկու երիտասարդ տղաներ էին ծանր մարմնական վնասվածքներ ստացել, սլաքները թեքվեն տուժողների վրա։
Հաշվի առնելով, թե ինչպես նման սցենարն աշխատեց Բուդաղյանների պարագայում՝ ես բնավ էլ հակված չեմ բացառելու այս տարբերակը։

2. Ընտանեկան վրեժ

Ասում են, թե Լիսկայի տղայի ու իր հրոսակախմբի կողմից ծեծված տղաները Բուդաղյանների հեռավոր ազգականներն են, իսկ նրանց ընկերը մամուլով հրապարակային սպառնացել էր Սուրիկ Խաչատրյանին, որ եթե հաստատվի, որ Սուրիկ Խաչատրյանն ու իր կլանն են կանգնած այդ ծեծկռտուքի հետևում, պատասխանն ամենաչորն է լինելու։ Ելնելով սրանից՝ տրամաբանական է, որ իրոք մահափորձ լինելու դեպքում կատարվածի գլխավոր կասկածյալը լինելու է հենց տուժող կողմը, որն այս կերպ կարող էր փորձել վրեժ լուծել Զանգեզուրի սատրապից, թեև մի տեսակ ակնհայտ է ամեն ինչ թվում, չափազանց ակնհայտ։ Պետք է առնվազն խիստ տաքարյուն ու անհեռատես լինես, որպեսզի հրապարակային հայտարարություն անես ու օրեր անց փորձես գյուլլել՝ իմանալով, որ թիվ մեկ կասկածյալը դու ես լինելու։

3. 3-րդ կողմ

Չի բացառվում նաև 3-րդ ուժի տարբերակը, որը, հարմար պահ գտնելով, փորձել է մահափորձ իրականացնել՝ իմանալով, որ կասկածներն առաջին հերթին այլոց վրա են ընկնելու։ Դա կարող էին շատ մարդիկ անել՝ հաշվի առնելով, թե քանի-քանի մարդկանց է վատություն արել Սուրիկ Խաչատրյանը, ու քանի-քանի միջադեպեր են եղել կապված նրա ու նրա որդու հետ, ուստի չեմ զարմանա, եթե անգամ պարզվի, որ մեծ վաղեմություն ունեցող պատմության թարմ զարգացում է։