20:44 , 20 մայիս, 2015
Երթուղայինում ապահով երթևեկելու կանոնները.
1. Դուռը պետք է փակել կամ շատ ուժեղ (որ փակվի), կամ էլ շատ կամաց (որովհետև կարող է կոտրած լինել ու ընկնել)։
2. Բարձրանալիս ուշադիր նայել ոտքերի տակ. հատակին կարող են դրված լինել ամենատարբեր չափի ու բնույթի առարկաներ, օր.՝ աշխատանքային գործիքները, ավելորդ անիվը, ևն։
3. Անձրևոտ եղանակին անպայման ստուգել նստատեղը, ապա միայն նստել, այլապես կարող եք նոր անդրավարտիքի կարիք ունենալ իջնելուց հետո։ Անձրևոտ եղանակին արժի նաև ձեռքի տակ ունենալ անձրևանոց, որովհետև երբեմն տարբերություն չկա՝ մեքենայի մեջ, թե դրսում. հավասարապես ջուրը կաթում է վրադ։
4. Ապահովության համար Ձեզ մոտ կարող եք պահել հակագազ. ոչ թե սովորական ռեսպերատոր, այլ ֆիլտրով հակագազ (թեև որոշ ծանր դեպքերում նույնիսկ այն կարող է չապահովագրել սուր թունավորումներից)։ Սա անհրաժեշտ է ինչպես ձմռանը (երբ մեքենայի պատուհանները հիմնականում փակ են), այնպես էլ ամռանը, քանի որ գրեթե միշտ բացվող պատուհանների մոտ նստած են լինում մեծահասակ կանայք, ովքեր ուղղակի ֆոբիա ունեն քամուց ու մաքուր օդից։
5. Ձեռքի տակ ունեցեք ձայնամեկուսիչ սարքեր, օր.՝ ականջակալներ։ Թեև ես չեմ սիրում ականջակալներով երաժշտություն լսել, որովհետև դա նաև վնասակար է, երբեմն մտածում եմ դա անել, այլապես կարող ես ստիպված լինել լսելու նեղ անձնական զրույցներ (որից փոխանակ խոսողն ամաչի, լսողն է ամաչում))), «մանկավարժների»՝ առավոտ կանուխ «ոսկոր լվանալը» (այդպիսով ծանոթանալով տվյալ դպրոցի ներքին խոհանոցին)... Այս շարքն անվերջ է։
6. Այս ամենով հանդերձ՝ Դուք երաշխավորված չեք, որ տեղ կհասնեք, քանի որ, օրինակ, հենց երեկ ուղևորներով լի «Բոգդան» մակնիշի ավտոբուսը, որի մեջ էի, հանկարծ «սատկեց» Մյասնիկյան պողոտայի սկզբում, ու ծուխը սկսեց լցվել ավտոբուսի մեջ, իսկ մի քանի հարյուր մետր վերև նույն բախտին էր արժանացել մի երթուղային «Գազել»։
Էլ չեմ խոսում վարորդների՝ բուժզննում անցնելու, (չ)ծխելու, լսած երաժշտության, կանգնած երևթևեկող ուղևորների (որի հիմնական պատճառը մեքենաների պակասն է ) ու նման շատ այլ հարցերի մասին։
Ուղղակի, ըստ իս, մեզ մոտ երթուղայինները և ավտոբուսները հանրային տրանսպորտ չեն. ոչ միայն, որ այդ գծերն անհատների են պատկանում, այլև առաջին հերթին դրանց կանխիկ վճարման համակարգի պատճառով։ Հետևաբար՝ ավելորդ է խոսել նաև ֆիքված ժամերով երթևեկելու, մեքենաների մաքրության, կոճակը սեղմելու փոխարեն «ստե պահի» գոռալու, մի խոսքով՝ որակի մասին։
Հ. Գ. Բազմամյա այս դիտարկումները, այնուամենայնիվ, սուբյեկտիվ են և կարող են չհամընկնել Ձեր իսկ անձնական դիտարկումների հետ: