Մարինա Գրեգ. «Մենք այլևս միասին չենք, բայց ես զգում եմ նրա ներկայությունն իմ կյանքում»


23:00 , 20 մայիս, 2015

Exclusive

Հաղորդավարուհի Մարինա Գրեգն արդեն երկու-երեք ամիս է՝ աշխատում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, վերջերս էլ արտաքինում նոր փոփոխություն է մտցրել: Blognews.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին պատմել է ոճային փոփոխության, նախկին աշխատավայից դուրս գալու, սիրելիի հետ բաժանման և նոր աշխատավայրում հաճելի մթնոլորտի մասին:

-Մարինա, հաճա՞խ եք ոճային փոփոխությունների դիմում։

-Ես սիրում եմ ոճային փորձարկումներ անել, չեմ կարող համարել, որ շիկահեր մազերը ռիսկային են, քանի որ ես մոտ երկու-երեք տարի առաջ կարմրահեր էի, և դա մեծ արձագանք ստացավ: Դա ինձ էր արտացոլում, ես ինձ գիժ էի զգում, և դա ինձ դուր էր գալիս: Հետո սկսեցի ավելի հանգիստ գույների ներկել։ Ժամանակն էր նոր փոփոխություն անելու, և որոշեցի դառնալ շիկահեր: Չեմ փոշմանել, իսկ արձագանքները միայն դրական են, ոմանք էլ ասում են, որ կարծես այս գույնի մազերով ծնված լինեմ: Ես մտածում եմ, որ շատ ավելի երկար կմնամ այս գույնով:

-Հիմա շիկահերի դեպքում է՞լ է Ձեր բնավորությունը համապատասխանում վարսերի գույնին:

-Վերջերս գործընկերներս կատակում էին այս թեմայով, երբ ինչ-որ բան եմ ասում, հարցնում են՝ կապ ունի՞ մազերիս հետ, ես էլ ասում եմ՝ մազերիս արմատները մուգ են: Եթե անկեղծ լինեմ, ինչ-որ աղջկական  բան եմ զգում բնավորությանս մեջ: Երևի ամեն դեպքում կապ ունի: Սովորաբար ասում են, եթե աղջիկը մազերի գույնը փոխում է, նշանակում է փոփոխության կարիք ունի, ես երևի հիմա զգում եմ դրա կարիքը:  Ընկերներիցս մեկն էլ ասում է, դու այնքան տարբեր ես, որ ես չեմ հասցնում հիշել քեզ, անգամ նախկին աշխատավայրում չգիտեին իմ մազերի իրական երկարությունը:

-Միշտ փոփոխական լինելն արդյո՞ք չի խանգարում կորցնել սեփական ես-ը: Ուզում եմ հարցնել՝ ինչպիսի՞ն է Մարինա Գրեգն իրականում:

-Շատ հետաքիքրի հարց է, այսպես ասեմ, ես հիմա շիկահեր եմ, բայց ինձ միշտ զգում եմ թխահեր: Հիմա շատ ավելի հասուն եմ և ավելի գիտակցական աստիճանի եմ հասել, եթե նախկինում  էմոցիաներին շատ էի տրվում, հիմա ավելի հանգիստ եմ: Ունեմ ընկերներ, որոնց հետ մոտ չորս տարի չեմ շփվել, երբ հանդիպում ենք, ասում են՝ հիմա մի տեսակ ուրիշ ես, փոխվել ես, լրջացել ես: Կան բաներ, որոնք ավելի հասնում են դատում:

-Շիկահարների հանդեպ ուշադրությունը միշտ ավելի շատ է, քանի այլ գույնի վարսեր ունեցողների: Կրկնապատկվե՞լ է արդյոք ուշադրությունը Ձեր անձի նկատմամբ:

-Հիմա հայտնիությանը գումարվել է նաև մազերի այդ փոփոխությունը, որն իմ կարծիքով հեռվից հեռու շատ ավելի է աչք ծակում: Այդ պարագայում կարծես վառվող լապտերիկ լինես: Ամեն դեպքում նկատել եմ, որ եթե կողքի սևահերն ավելի լավն է, քանի շիկահերը, առաջինն ուշադրություն են դարձնում նրան: Շատ հետաքրքիր է, որ, լինելով այս ոլորտում, մարդիկ պետք է սիրեն այդ ուշադրությունը, բայց ես դրանից ավելի շատ կոմպլեքսավորվում եմ:

-Կարծիքներ, որ սովորաբար Ձեր մասին լսում եք: Ուզում եմ խոսեք բացասականների մասին:

-Լսում եմ, որ ասում են՝ թե «ցանցառ» և «ջրիկ» եմ, երևի ասոցացնում են նախկին աշխատավայրում վարածս հաղորդումների հետ: Բայց երբ հայտնվում ես եթերում, պետք է մոռանաս քո բոլոր խնդիրները և ուրախ տրամադրություն ունենաս, որպեսզի կարողանաս բարձրացնել հեռուստադիտողի տրամադրությունը:  

-Սկզբունքայի՞ն եք։

-Ունեմ շատ սկզբունքներ, օրինակ՝ ուզածիս հասնելու համար երբեք ինչ-որ մեկի չեմ «տրորի»: Ես գուցե իմ շրջապատում նկատեմ, որ ինչ-որ մեկը մի բանի հասնելու համար ինչ-որ քայլի գնա, բայց ես երբեք դա չեմ անի: Ոչինչ, թող ես այդ բանը չունենամ, բայց երբեք դիմացինիս չվնասեմ առաջ գնալու համար: Եթե անգամ տվյալ մարդուն չեմ սիրում, իրավիճակից ելնելով չեմ փոխի իմ վերաբերմունքը:  

-Արդյո՞ք սկզբունքային լինելն էր պատճառը, որ դուրս եկաք նախկին աշխատավայրից։

-Գուցե պատճառներից մեկն էլ դա էր: Ես էլի եմ ասել և կասեմ, որ նախկին հեռուստատեսությունն ինձ համար ընտանիք է եղել և հիմա էլ այդպես է: Ես վեց տարի իմ օրվա գրեթե ամբողջ մասն անցկացրել եմ այնտեղ: Իսկ դուրս գալու միակ պատճառն աշխատանքային ոճի տարբերությունն էր՝ նոր մասնագետների հետ կապված: Ես չեմ ափոսում, որ իմ սկզբունքը պահպանել եմ, քանի որ աշխատանքի մեջ սիրում եմ լրջություն և պատասխանատվություն, իսկ երբ դա չեմ նկատում, մնում է պարզապես հրաժեշտը տալ: Ես ուրախ եմ, որ հիմա աշխատում եմ «Արմնյուզ» հեռուստաընկերությունում:

-Չկա՞ր արդյոք մտավախություն, որ գուցե նոր աշխատանքային հրավերներ չեք ստանա:

-Չէ, քանի որ դուրս գալուցս մի քանի ամիս առաջ ես արդեն մոտ երկու-երեք առաջարկ ունեցա, վերջինն ընդունելու պահն էր, երբ «Արմնյուզի» առաջարկն եղավ: Ինձ դուր եկավ այն, որ թիմը նոր էր հավաքվում, իսկ ես սիրում եմ, երբ հենց սկզբում արդեն թիմում եմ լինում: Հաճելի է այն փաստը, որ քեզ ճանաչում են, և դու ինչ-որ մի բանի հասել ես այս ոլորտում, բայց ամեն դեպքում «Արմնյուզն» ինձ համար նոր դպրոց է: Ուրախ եմ, որ աշխատում եմ Հրաչ Քեշիշյանի հետ, ումից ես քաղում եմ նոր բաներ: Այստեղ ես ուրիշ Մարինա Գրեգ եմ, ավելի հասուն եմ:

-Ձեր տեսակի մարդկանց դժվա՞ր է նեղացնել, խոցել, թե՞…  

-Ես իրականում ուրախ եմ, որ ուժեղ մարդու տպավորություն եմ թողում, բայց ինձ կարող են միանգամից թուլացնել և կոտրել ինձ համար շատ սիրելի մարդիկ, թեկուզ անգիտակցաբար: Եղել են դեպքեր, երբ կոտրվածն այլևս չեմ վերականգնել, դա այն փուլում էր, երբ ես ավելի էմոցիոնալ էի: Հիմա կարողանում եմ ինձ կառավարել:

-Սիրելիից բաժանվե՞լն էլ մեծ հետք թողեց Ձեր կյանքում:

-Իհարկե, որովհետև ամեն օր չես նշանվում և բաժանվում: Նրան ես ճանաչել եմ 18 տարեկանից, նա միշտ եղել է իմ կյանքում, և մենք եղել ենք լավ ընկերներ: Կապվածություն՝ երևի սա էր, որ նստվածք թողեց, քան սերը: Մեր պատմությունն այնքան աննորմալ է, որ անգամ հիմա, երբ էլ միասին չենք, զգում եմ նրա ներկայությունն իմ կյանքում, վստահ եմ՝ նա էլ է զգում: Փառք Աստծո, մենք այնպես չենք բաժանվել, որ իրար ատենք, ես նրա ընտանիքի անդամների հետ լավ հարաբերությունների մեջ եմ, ինքն էլ՝ իմ: Ամեն դեպքում ես ջերմությամբ եմ հիշում, քանի որ ինչ-որ լուրջ պատճառով չէ, որ մենք բաժանվել ենք, պարզապես հասկացանք, որ բնավորությամբ շատ տարբեր ենք: Չեմ կարող ասել, որ մենք ընկերներ ենք մնացել, բայց վերջերս պատահաբար հանդիպեցինք իրար, հարցրեց՝ լա՞վ ես, և այդքանը: Միևնույն է՝ մարդկանց հայացքում կա այդ ջերմությունը, քանի որ մենք մինչև միասին լինելը եղել ենք լավ ընկերներ:

-Կարելի՞ է արդյոք այսպես ասել, որ դուք կորցրել եք Ձեր լավագույն ընկերոջը։

Ես կորցրել եմ մարդու, բայց նա միշտ իմ կյանքում կա: Ես ուզում եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ լինի: Ես վստահ եմ, որ նա էլ ինձ համար է այդպես ուզում: Միևնույն է՝ ինչքան ժամանակ էլ անցի, ես նրան նույն ջերմությամբ եմ ընդունելու, պարզապես այլևս հարաբերություն չկա: Եթե անկեղծ ասեմ, նշանադրության մատանու առկայությունն իմ կյանքում կարևոր դեր չուներ, հիմա էլ եմ այդպես մտածում: Միայն պատասխանատվությունն է ավելանում, որը և՛ հաճելի է, և՛ մի քիչ էլ վախեցնող:

-Դուք վախենո՞ւմ եք այդ պատասխանատվությունից։

-Չէ, իրականում չեմ վախենում, միակ բանն այն է, որ ինքդ քեզ հարցնում ես՝ արդյո՞ք հասունացել ես այն աստիճան, որ պատրաստ լինես ընտանիք կազմել: Երբ դեռ ընկերության փուլն է, լրիվ այլ է, իսկ ամուսնությունն ավելի պատասխանատու քայլ է:  

-Իսկ հիմա պատրա՞ստ եք։

-Քանի որ այս պահին իմ կողքին չկա սիրելի անձնավորություն, ես չեմ կարող պատկերացնել: Հիմա ավելի շատ տարված եմ աշխատանքով և ժամանակ էլ չունեմ: Երբեմն մտածում եմ, որ ես մինչև 23:00 եթերի եմ լինում, ինչպե՞ս եմ հասցնելու ընտանիքիս գործերը: Երբ լինի ինչ-որ մեկը, այդ ժամանակ կհասկանամ՝ պատրաստ եմ, թե՝ ոչ: Այս ընթացքում ես շատ բան եմ հասկացել՝ ինչպես չպետք է լինեն հարաբերության մեջ աղջիկը և տղամարդը: Ես իմ մասով կարող եմ ասել, որ գիտեմ՝ նախկինում ինչ սխալներ եմ արել, ես դրանք այլևս չեմ կրկնի: Չգիտեմ՝ դիմացինս ինչպիսին կլինի, բայց հարաբերություններում բացի սիրելուց շատ կարևոր է նաև հարգանքը: Եթե կա սեր, և չկա հարգանք, դա կործանված հարաբերություն է: Ինձ համար հետագայում դա կարևոր նախապայման կլինի, ինչպես նաև միմյանցով հիանալը: Շատ տղաներ հաճախ ասում են՝ «դե դու գիտես, որ ես քեզ սիրում եմ», բայց նստել և մտածել, որ նա քեզ սիրում է, բավարար չէ: Այսինքն՝ մարդը դա պետք է ցույց տա, որ քո հանդեպ ուշադիր է:

-Երբ արդեն օրվա վերջում գլուխը դնում եք բարձին, ի՞նչ եք մտածում։

-Ես հիմա կանգնում եմ այն հարցի առաջ, որ կար մի մարդ, ով միշտ ասում էր ինձ՝ «Դու միշտ ստացել ես այն, ինչ ուզել ես», ես համարում եմ, որ դա վատ չէ, որովհետև կյանքում աներևակայելի և չիրականացող բաներ չեմ ցանկացել: Հիմա չկա ինչ-որ բան, որ ուզում եմ, գուցե դա վատ է: Ասում են՝ մարդը դադարում է ապրել, երբ դադարում է երազել: Ես գլուխս դնում եմ բարձին և արդեն երազ եմ տեսնում: Հիմա ունեմ նպատակ սրճարան բացել, չեմ ուզում փակագծերը բացել, որ մտքերս չգողանան: Այս պահին ինձ համար «ստիմուլ» է աշխատել՝ դրան հասնելու համար: Ես նաև վստահ եմ, որ ամեն ինչ ժամանակին է լինում, ուզես, թե չուզես:

-Այսօր գո՞հ եք այն Մարինա Գրեգից, ում ամեն առավոտ տեսնում եք հայելու մեջ։

-Փառք Աստծո, գոհ եմ: Իհարկե, լինում են պահեր, որ սկսում ես մտածել, որ ինչ-որ բան կփոխեիր, բայց ընդհանուր առմամբ ես ինձ սիրում եմ: Ես փորձվում եմ կատարելագործվել թե՛ աշխատանքի առումով, թե՛ մարդկանց հետ հարաբերություններում, ինչը շատ կարևոր է. լինել լավ մարդ, լինել լավ ընկեր, արժանի զավակ իմ ընտանիքի համար: Իսկ ամենակարևորը՝ ես միշտ փորձում եմ շնորհակալ լինել:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Միքայել Պետրոսյանի