Խոշորացման հանրաքվեն եղավ, հարցականները մնացին


12:18 , 19 մայիս, 2015

Համայնքների խոշորացման փորձնական ծրագրի շրջանակներում այս կիրակի Տավուշի, Լոռու և յունիքի մարզի 22 համայնքներում տեղական հանրաքվե է անցկացվել: 
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝ բոլոր երեք մարզերի ընդգրկված բնակավայրերում անցկացված հանրաքվեի արդյունքներով մասնակիցների մեծամասնությունը կողմ է արտահայտվել համայնքների խոշորացմանը: Սակայն այստեղ էլ կան որոշակի նրբերանգներ: 
Արժե հիշեցնել, որ այս հանրաքվեի արդյունքներն ամեն դեպքում խորհրդատվական բնույթ ունեն: Եվ որոշակի առումով այս հանրաքվեն կարելի է նաև հասարակության կարծիքը պարզելուն նպատակաուղղված հարցում համարել: Այսինքն՝ առաջիկայում արդեն համայնքների կոնկրետ խոշորացման որոշումներ ընդունելիս հանրաքվեի արդյունքները կդիտարկվեն խորհրդատվական տեսանկյունից:
Ինչ վերաբերում է բոլոր երեք մարզերի համար ընդհանրական երևույթին, ապա առաջինն այն է, որ բնակչությունը հատուկ ակտիվությամբ աչքի չի ընկել: Այսինքն՝ հանրաքվեն անցկացվել է համեմատաբար ցածր մասնակցության պայմաններում: 
Տավուշի և Լոռու մարզերի դեպքում նկատելի է մեկ այլ ընդհանրություն ևս. գյուղերում, որոնք նախատեսվում է միավորել համապատասխանաբար Դիլիջանին և Թումանյանին, հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը, որպես կանոն, բացասական պատասխան է տվել, իսկ ապագա համայնքային կենտրոններում հակառակ պատկերն է արձանագրվել: 
Բայց, նախ, բուն արդյունքների մասին: Ըստ ԿԸՀ-ի՝ Տավուշի մարզում տեղական հանրաքվեին մասնակցած բնակիչներից 4140-ը «այո», իսկ 1291-ը «ոչ» է պատասխանել հարցին. «Համաձա՞յն եք, որպեսզի Դիլիջանի, Հաղարծնի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքները միավորվեն՝ Դիլիջանի համայնք անվանմամբ, Դիլիջան համայնքի կենտրոնով, Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք բնակավայրերով»: 
Հաղարծնում 444 բնակիչ պատասխանել է «ոչ», 243-ը` «այո»: Գոշում 172-ը «ոչ» են պատասխանել, 103-ը` «այո», Թեղուտում՝ 222-ը «ոչ» և 167-ը` «այո»: Սակայն Դիլիջանում գերակշռել է «այո»-ն: 
Իսկ Լոռու մարզում տեղական հանրաքվեի մասնակիցներից 1007-ը «այո», 424-ը «ոչ» է պատասխանել հարցին. «Համաձա՞յն եք, որ Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքները միավորվեն՝ Թումանյան համայնք անվանմամբ, Թումանյան համայնքի կենտրոնով, Թումանյան, Քոբերի կայարան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերով»: Այստեղ էլ Աթանում 42 բնակիչ «այո», իսկ 55-ը «ոչ» է պատասխանել, Ահնիձորում` 33 «այո», 40 «ոչ», Շամուտում՝ 19 «այո», 64 «ոչ»:
Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա այստեղ ավելի քան 90 տոկոսանոց «այո» է արձանագրվել. «Համաձա՞յն եք, որ Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն՝ Տաթև համայնք անվանմամբ, Շինուհայր համայնքի կենտրոնով, Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի բնակավայրերով»: Հանրագումարում 2513 մարդ ասել է «այո», 118-ը` «ոչ»: 
Հետաքրքիր պատկեր է ամեն դեպքում ձևավորվում: Այսինքն՝ ստացվում է, որ, ասենք, Հաղարծին, Թեղուտ, Գոշ գյուղերի բնակչության մեծ մասը դեմ է արտահայտվել, որ նշված գյուղերը «խոշորացվեն», այն է՝ միավորվեն Դիլիջանի հետ, բայց միևնույն է, կմիավորվեն: Նմանապես Աթանի, Ահնիձորի և Շամուտի բնակիչների մեծ մասը դեմ է Թումանյան համայնքի շուրջ «խոշորանալուն», սակայն տվյալ գյուղերն էլ կխոշորացվեն: Այլ կերպ ասած՝ մարդկանց, իրենց կամքին հակառակ, «կկցեն» խոշորացված համայնքին:
Էլի նկատենք, որ տեղական հանրաքվեի արդյունքները խորհրդատվական են, և, եթե, ասենք, կարող են նաև որևէ ազդեցություն չունենալ խոշորացման որոշման վրա, սակայն ցանկացած պարագայում մարդկանց կարծիքի հետ պետք է հաշվի նստել: 
Եվ ամեն դեպքում բուն տեղական հանրաքվեի արդյունքներին առնչվող հարցերից բացի՝ տակավին օրակարգում են մնում բուն փորձնական ծրագրին վերաբերող հարցերը: Իսկ ի՞նչ է լինելու խոշորացումից հետո: 
Հարկավ, տրամաբանական և հասկանալի է կառավարության հիմնական մոտեցումը՝ հատկապես փոքր գյուղերի հետ կապված: Ցավոք, իրականությունն այնպիսին է, որ կառավարման ու տեղական ինքնակառավարման, այսինքն՝ վարչական տեսանկյունից ավելի ձեռնտու է մի շարք փոքր գյուղեր միավորել մեկ բնակավայրի շուրջ և որոշակի միջոցներ ու ռեսուրսներ խնայել՝ դրանք ուղղելով նույն փոքր գյուղերի այլ խնդիրների լուծմանը: 
Բայց, մյուս կողմից, կարող է հարց ծագել, թե ինչ է արվելու, որ նույն այդ միավորված փոքր գյուղերը ոչ թե գնալով մարեն ու ընդհանրապես դադարեն բնակավայր լինելուց, այլ պահպանվեն, ավելին՝ դուրս գան ժողովրդագրական, տնտեսական ու սոցիալական առումներով ստեղծված այն կացությունից, որի մեջ են այժմ: 
Դրան շաղկապված մյուս հիմնական հարցն այն է, թե կհաջողվի՞ արդյոք պահպանել զարգացման ծրագրերի համամասնությունը: Այսինքն՝ հետագայում եթե նշված համայնքները «խոշորացվեն», առկա միջոցները, ծախսերն արդյոք չե՞ն կենտրոնացվի խոշոր համայնքում՝ ի վնաս «ծայրամասային» բնակավայրերի: Պարզ ասած, Հաղարծնի կամ Աթանի բնակիչը պետք է պարզ ու կոնկրետ իմանա՝ ինքն անձնապես ի՞նչ է շահելու կամ որևէ բան շահելո՞ւ է այդ խոշորացումից:
Եթե կոնկրետ օրինակները դիտարկենք, ապա Դիլիջանի շուրջ խոշորացվելու դեպքում կարելի է լավատեսական ակնկալիքներ ունենալ: Համենայն դեպս, Միջազգային բիզնես դպրոցի, այլ խոշոր ծրագրերի մեջ ներգրավված Դիլիջանի հնարավոր զարգացման պարագայում կշահեն նաև շրջակա, այսինքն՝ «խոշորացված» գյուղերը: Սյունիքի մարզում էլ Տաթևի հետ կապված զբոսաշրջային ծրագրերի համատեքստում կարող են նաև շրջակա բնակավայրերը օգտվել: 
Իսկ, օրինակ, ի՞նչ բնական հետաքրքրություններ կարող են Թումանյան համայնքի շուրջ խոշորացած գյուղերի բնակիչներին պահել կենտրոնի շրջանակի մեջ: 
Սա այն դեպքերից է, որ մինչև մի որոշակի ժամանակ չանցնի, մինչև չերևան ակնկալվող արդյունքներն ու անակնկալ հետևանքները, դժվար կլինի պարզորոշ գնահատականներ տալ: Սպասենք կոնկրետ քայլերին: