Ցեղը՝ որպես ոգի


17:12 , 15 մայիս, 2015

Անասելիորեն կարևոր է ցեղի տեսակարար կշիռը:
Ժողովրդի մշտախռով տարերքն է ցեղը:
Ժողովուրդը ցեղի միջոցով է գլուխ հանում իր հոգևոր ինքնակառուցումը:
Ցեղը կաղապարիչ ուժ է:
Ժողովուրդը միշտ էլ ցեղի թևերով, անցյալի և ապագայի ուժով է առնում իր թռիչքը:
Երբ ժողովրդի մեջ արթուն չէ ցեղը, վերջինը ծալում է առյուծի իր թևերը, տառապում հոգևոր ամլությամբ:
Ոչ թե միայն ներկան, այլև ապագան իր սնունդն ստանում է անցյալից:
Ժողովուրդը ներկան է, ցեղը` երեկը, այսօրը և վաղը: Առաջինը հաճախ կլանվում է ներկայով, երկրորդը` հանում է մեզ անցյալից և ցույց տալիս անցյալն ու ապագան:
Երբ արթուն է ցեղը, ասել է ժողովուրդն իր լսողությունը տվել է անցյալին, աչքը` ապագային: Ասել է նրա անցյալը մշտական է, իսկ ապագան՝ նախօրոք ապրած:
Ցեղը ապրող սերունդ չէ:
Ոչ էլ համագումարն է աշխարհ եկած ու անցած բոլոր սերունդների:
Դա գումարելի չէ, և գումար էլ չէ:
Դա պատմության ընթացքի հավերժ կենդանի ենթական է, որի կյանքում ոչ ոք և ոչինչ չի մեռնում:

Նժդեհ