«Ինչ Հայաստանին է վերաբերում, այնտեղ ես մրցակցությունից դուրս եմ». Ազնավուրը՝ Քարդաշյանի հետ մրցակցության մասին


10:53 , 12 մայիս, 2015

Շարունակում եմ հիանալ Ազնավուրով։ Die Welt-ին տված հերթական հարցազրույցում Ազնավուրին հարցրել են, թե մրցակցո՞ւմ է արդյոք նա Քիմ Քարդաշյանի հետ աշխարհի ամենահայտնի հայ լինելու հարցում, իսկ Ազնավուրը պատասխանել է.

«Ես մրցակցե՞մ։ Ինչ Հայաստանին է վերաբերում, այնտեղ ես մրցակցությունից դուրս եմ»։

Ու իրոք, Ազնավուրը Հայաստանում մրցակցությունից վեր է։ Ո՛չ նրա համար, որ մեծ բարերար է, ո՛չ նրա համար, որ պաշտոնապես ազգային հերոս է, ո՛չ էլ անգամ իր վաստակաշատ կարիերայի ու հայտնիության համար։ Ազնավուրը մրցակցությունից դուրս է, որովհետև սովորեցրեց մեզ սիրել մեր ազգն ու երկիրը՝ անախ ամեն ինչից ու անկախ ամեն բանից, սովորեցրեց հպարտանալ ու, հպարտանալով հանդերձ, չգոռոզանալ ու չկորցնել ադեկվատությունը։

Ի վերջո, Ազնավուրի մեծությունը նրանում է, որ նա ասես մեր մատղաշ պետության բարի ու սիրող պապիկը լինի, ով ուղղորդում էր իր անփորձ թոռնիկին մեծ աշխարհում ու օգնում նրան իր ուժերի սահմաններում։

Քարդաշյաններին սիրեցի, նրանց այցը գնահատեցի, բայց Քարդաշյանը որքան էլ հայտնի դառնա, որքան էլ անի Հայաստանի համար, ո՛չ Քարդաշյանը, ո՛չ էլ որևէ այլ մեկը չի կարողանա այլևս դառնալ պետության բարի պապիկ կամ էլ տատիկ։