11:38 , 31 հոկտեմբեր, 2012
… Հիշողության կորստի դեմ պայքարի լավագույն միջոցը, որ մի քանի ամիս շարունակ օգնեց բոլորին, գտավ Աուրելիանոն: Եվ գտավ պատահաբար: Մի անգամ նրան պետք եկավ փոքրիկ զնդանը,- դրա վրա էին նրանք սովորաբար տափակեցնում մետաղները,- բայց արի ու տես, որ չէր հիշում դրա անվանումը: Հայրը հուշեց` «Զնդան», Աուրելիոն գրեց այդ բառը թղթի վրա ու սոսնձեց գործիքի պատվանդանին:
Խոսե Արկադիո Բուենդիան նախ իր ընտանիքում, ապա քաղաքում գործի դրեց որդու հայտնագործությունը: Վրձինը թանաքի մեջ թաթախելով, նա պիտակներ գրեց տան բոլոր առարկաների համար՝ «սեղան», «աթոռ», «ժամացույց», «դուռ», «պատ», «մահճակալ», «կաթսա»: Հետո փարախ գնաց ու դաշտ ու պիտակավորեց կենդանիները, թռչունները, բույսերը՝ «կով», «այծ», «խոզ», «հավ», «մանիոկա», «բանան»: Աստիճանաբար ուսումնասիրելով մոռացման անսահման տեսակները` մարդիկ հասկացան, որ կգա մի օր, երբ իրենք մակագրությամբ կճանաչեն առարկան, սակայն չեն կարողանա հիշել դրա կիրառումը: Ամեն ինչ ավելի խճճվեց: