Օձերը սրել են մարդկանց տեսողությունը


19:55 , 8 մայիս, 2015

Օձերը, որոնք միլիոնավոր տարիներ վախեցրել են կապիկներին, սովորեցրել են որևէ երկար և ոլորապտույտ կենդանու տեսնելիս միանգամից արձագանքել։ Էվոլյուցիայի ընթացքում պրիմատների, միգուցե նաև մարդկանց գլխում ձևավորվել են օձերի դեմ «պայքարող» նեյրոններ։

Խոտի մեջ որևէ արարած տեսնելով՝ մարդն արձանի նման կանգնում է և բացականչում՝ օ՜ձ։ Գիտնականները կարծում են, որ սողունների նկատմամբ վախը պրիմատների մոտ ի ծնե է, և այդ վախն առաջացել է նույնիսկ նախքան իրենց էվոլյուցիան։

Ժամանակակից պրիմատների նախնիներն օձերին հանդիպելիս իրենց կյանքին հրաժեշտ էին տալիս։ Մոտ 40 մլն տարի առաջ առաջին պրիմատների երևան գալուց հետո հայտնվեցին առաջին օձերը, որոնք որսի ընթացքում սովորեցին օգտագործել իրենց թույնը, որը դրանց զոհերին խայթելուց հետո հանգեցնում էր անդառնալի մահվան։

Կալիֆորնիայի համալսարանի վարքային բնապահպանության մասնագետ Լին Իսբելն ասում է. «Օձերն առաջին կաթնասունների համար լուրջ վտանգ են ներկայացրել։ Օձերի պատճառած վնասն այնքան կրիտիկական է եղել, որ այն ազդել է պրիմատների ստեղծման և էվոլյուցիայի վրա։ Օձերը, իրենք էլ դա չհասկանալով, կապիկներին և մարդկանց շնորհեցին բինոկուլյար (երկակնային) տեսողություն և ուղեղի տեսողական կենտրոններ, որոնք թույլ տվեցին տարբերել շրջակա միջավայրի հատուկ պատկերները և ձևերը, օրինակ՝ լայնը կորից։

Իսբելն առաջին անգամ օձերի համատեղ էվոլյուցիայի մասին խոսեց իր՝ 2006թ. հրատարակած «Օձերի հայտնաբերման տեսությունը» գրքում։ Որպես փաստարկ հետազոտողն ուշադրություն դարձրեց այն բանին, որ պրիմատները, էվոլյուցիայի ընթացքում օձերի չհանդիպելով, ավելի թույլ տեսողություն ունեին։ Ըստ Իսբելի՝ բազմաթիվ կաթնասուններ, որոնք ստիպված էին օձերի հետ շփվել, հիմնականում գետնի տակ էին ապրում։ Հենց նույն կենդանիները, որոնք ապրում էին ծառի վրա, ստիպված էին իրենց հույսը տեսողության վրա դնել։

Շվեդիայում գործող Կարոլինյան ինստիտուտի՝ հոգեբան Առնե Օմանը, որն ուսումնասիրում է մարդկանց՝ տեսողական վտանգների նկատմամբ արձագանքը, վստահորեն ասում է. «Սա շատ համարձակ տեսություն է»։ Սակայն նրա խոսքերով՝ մինչև հիմա այս տեսությանը պակասում են նեյրոկենսաբանական հիմքեր։

Երկու տարի առաջ ճապոնացի նեյրոկենսաբաններին՝ Իսբելի հետ միասին, հրավիրեցին հետազոտելու մակակների արձագանքը տեսողական վտանգներին։ Հետազոտողները ցանկացան ուսումնասիրել այդ՝ ի ծնե գոյություն ունեցող, սակայն անհայտ տագնապը։ Գիտնականներն այդ տեսակի երկու մակակների ուղեղի մեջ էլեկտրոդներ տեղադրեցին, որոնք թույլ էին տալիս այսպես կոչված հիպոթալամուսի բարձիկում (գտնվում է թալամուսի հետևի հատվածում, ուղեղի ամենահին հատվածներից է) հետևել նեյրոնների ակտիվությանը։

Հայտնի է, որ հիպոթալամուսի բարձիկը պրիմատների մոտ ավելի լավ է զարգացած, քան այլ կենդանիների մոտ, իսկ այս հատվածի որոշակի հատկանիշներ հանդիպում են միայն նրանց մոտ։

Գիտնականները կարծում են, որ ուղեղի հենց այս բաժինն է պատասխանատու ուշադրության գրավման և հավանական սպառնալիքների ճանաչման համար։ Հետազոտության ընթացքում գիտնականները հետևեցին մակակների նեյրոնների ակտիվությանը, երբ նրանց ցույց տվեցին զայրացած և հանգիստ կապիկների, կապիկների թաթերի, լայն և նեղ օձերի և երկրաչափական պատկերների նկարներ։

Պարզվեց, որ օձի պատկերը հիպոթալամուսի բարձիկների հատուկ նեյրոններին գրգռվածություն հաղորդեց։

Այս նեյրոնները նաև հաճախ ակտիվանում էին այլ մռութների և թաթերի տեսնելիս։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ օձեր տեսնելիս նրանք 15 միլիվայրկյան շուտ արձագանքեցին, քան մռութներ տեսնելիս, իսկ երկրաչափական պատկերներ տեսնելիս՝ էլի ավելի ուշ։ Այսինքն՝ օձերի պատկերներն ավելի ուժեղ արձագանք առաջացրեցին, քան այլ օբյեկտները։

«Այս արդյունքները ցույց տվեցին, որ ուղեղում կան օձերի հայտնաբերման նեյրոնային ուրվագծեր, և որ այդ ուրվագծերը գենետիկորեն ծրագրավորված են»,-վստահեցնում է համահեղինակներից մեկը՝ Հասաո Նինիջոն։

Իսբելը վստահ է, որ այս աշխատանքը, որը հրատարակվել է Proceedings of the National Academy of Science ամսագրում, դարձել է իր՝ էվոլյուցիայի տեսության «օձակենտրոնությունը»։ «Ես այլ կերպ չեմ տեսնում այս նեյրոնների զգայունությունը՝ բացի էվոլյուցիոն ճանապարհով զարգացումից։ Ես նեյրոկենսաբանությամբ չեմ զբաղվում, ոչ էլ իմ գործընկերները՝ էվոլյուցիայով, սակայն մենք կարողացանք խելք խելքի տալ, և ես կարծում եմ, որ դա նեյրոկենսաբանության մեջ էվոլյուցիայի ուսումնասիրման համար լայն հեռանկարներ բացեց»,-վստահորեն արտահայտվեց նա։