19:40 , 7 մայիս, 2015
Քանի դեռ շքերթը չի եղել, և բոլորը չեն սկսել խոսել ռուսական նոր զրահատեխնիկայի մասին, մի քանի խոսք ասեմ դրանց մասին: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի յոթանասունամյակին ներկայացված ռուսական նոր զրահատեխնիկան ունի մի քանի շատ հետաքրքիր առանձնահատկություններ:
1. Այդ տեսականու ողջ գամման առաջնահերթ մի հետաքրքիր խոստովանություն է իր մեջ պարունակում: Դա երկու բառով կարելի է այսպես ասել. «Խորհրդային զրահատանկաշինության կապիտուլյացիա» կամ դրա խոստավանություն:
2. Նոր մեքենաներն ուղղակիորեն իրենց մրցակիցների, որոնց մի քանի տասնյակ տարի իբր ամեն ինչով գերազանցում էին, արտատպումներն են: Օրինակ՝ Բումերանգն անծանոթ աչքի համար չի էլ տարբերվում արդեն շուրջ քառորդ դար գոյություն ունեցող LAV-Strayker ամերիկա-կանադական կոնցեպցիայից, որը նույնքան ժամանակ ռուսական բոլոր ատյանի մասնագետների կողմից հայտարարվում էր ոչնչություն ու ծաղրվում էր: Նույնը վերաբերում է Կուրգանեց զրահամեքենային, որը ոչ այլ ինչ է, քան ամերիկա-անգլիական Բրեդլի-Ուորիոր կոնցեպցիայի և դրանց՝ մեր կարծիքով լավագույն դրսևորում՝ շվեդական CV90-ի քոփի-փաստ, որոշակի նորարարություններով:
3. Կոնցեպցիաների առումով այս մեքենաները շատ հետաքրքիր են, դրանք վերցրել են վերը նշված և այլ արևմտյան մեքենաների վրա վաղուց արդեն կիրառվող մոդուլային սպառազինությունների տարբերակը, որը բավականին լավ լուծում է, քանի որ խորհրդային հին մեքենաներն ինչքան էլ փորձում էին կատարելագործել այդ հնարավորությունների համար, միևնույնն է՝ հատկապես չափերը և բազային թերությունները խանգարում էին դրանք իրականացնել: Եթե արևմտյան մեքենաները, ունենալով երեսնամյա պատմություն, մի քանի ձևափոխումներով դառնում էին ժամանակակից պահանջներին համապատասխանող, ապա խորհրդային մեքենաները դա չէին կարող անել: Դրա համար էլ ռուսական զինագործությունը գնաց զրոյից նոր արտագրության՝ ակամայից խոստովանելով, որ անցյալն անհաջող է եղել: Այսինքն կարող ենք ասել, որ այս զրահամեքենաները կարող են լուրջ զենքեր դառնալ, սակայն դեռ ժամանակ է հարկավոր:
Առանձին քննարկման թեմա է Արմատա տանկը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնագետների շրջանում: Նոր մեքենան, ինչ խոսք, բազում հետաքրքիր լուծումներով է մտնում ասպարեզ: Դեռ նախագծային փուլում բոլոր մասնագետներին հատկապես հետաքրքրել էր այն հանգամանքը, որ փորձելու են անանձնակազմ աշտարակով ստեղծել այս տանկը: Սկզբի էսքիզներում դա հստակ երևում էր, և դա որոշակի լուծում էր: Սակայն այն, ինչ մենք տեսնում ենք այսօր զորահանդեսին, կարող ենք ասել, որ այն չէ, ինչ ուզում էին տեսնել անգամ ռուս մասնագետները:
1. Այս մեքենան բացի նրանից, որ հիմնական կորպուսով լրիվ Leopard-Abrams կոնցեպցիան է, աշտարակն էլ անհասկանալի տեսք ունի: Եթե այն անձնակազմ չի ունենալու, ապա չափազանց մեծ է դրա համար, ինչը, հասկանալի է, մեծացնում է խոցման հավանականությունը: Հատկապես անհասկանալի է դիտման լրացուցիչ աշտարակն աշտարակի վրա, եթե դիմացից հրանոթի երկու կողմից կան նման, օպտոէլեկտրոնային սարքեր տեղադրել մեծ անցքեր, ապա ինչի համար է լրացուցիչ աշտարակը, որը կարծես թե վերցված է նոր ֆրանսիական տանկից: Սակայն նույն մեծ չափսերը լավ հնարավորություն են տվել բաղկամասերը ճիշտ տեղադրել ու հարմարեցնել, որը խորհրդային տանկերի հիմնական թերություններից էր:
2. Տանկի մոդուլային կառուցվածքը հեռանկարային է ու շատ հաջող, եթե մանրուքները վերացվեն, ապա շատ մեծ հեռանկար ունի:
3. Այս տեսանկյունից հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ այն ստեղծված է ճակատային մեծ զրահով, ինչը շատ լավ է, սակայն այն նույնքան լավ զրահ չունի կողքերից, ինչը երևում է պրոյեկցիաների դիտարկումից:
4. Անձնակազմի աշխատանքի համար ստեղծված են ոչ մեծ պայմաններ, գոնե երկու հոգի շատ մոտ են միմյանց նստած, ինչը խորհրդային փոքր տանկերի պարագայում հասկանալի էր, սակայն այս մեծ մեքենայի դեպքում անհասկանալի է, թե ինչու է այդպես:
5. Տանկի հրանոթը չի փոխվել, ինչն ամենամեծ խնդիրներից է: Նախկին տանկերն, արևմտյան մրցակիցներից հինգ մմ-ով էլ ավելի մեծ հրանոթ ունենալով, զգալիորեն դրանց զիջում էին հեռահարությամբ ու ճշտությամբ, դրա համար հնարել էին անհասկանալի հրթիռները, որոնք այդպես էլ չկիրառվեցին: Այս մեքենայի ստեղծման ժամանակ ասվեց, որ նոր հրանոթները կարող են լինել մոտ 130-140 մմ, որը լիովին հասկանալի էր: Ռուսական զինագործությունը հազիվ էլ արևմտյան հրանոթների մակարդակին հասներ քսան մմ-ի առավելության պարագայում: Այդպես է եղել միշտ, օրինակ գերմանական միջին տանկերի 75-76 մմ-ոց հրանոթները գերազանցում էին խորհրդային միջին տանկերի անգամ 85 մմ-ոց հրանոթներին, իսկ 88 մմ-ոց հրանոթը գերազանցում էր նույնիսկ խորհրդային ծանր տանկերի 122 մմ-ոց հրանոթին: Հետևաբար նույն տրամաչափի հրանոթը խնդիր է, հավանաբար տանկի ստեղծողներն ուղղակի չեն հասցրել այս հարցը լուծել, և այս հրանոթը կլինի ժամանակավոր: Եթե այս տանկն առհասարակ որոշ ժամանակ հետո չհայտարարվի փակված թեմա, ինչի պատճառները ավելի քան շատ են ու հիմնավոր, ապա գոնե սպառազինությունը և դրա ղեկավարման համակարգն ամենայն հավանականությամբ առավելագույնը մեկ տարի հետո կհայտարարվի չափանիշներին չհամապատասխանող ու փոխարինման կարիք ունեցող: Այս տեսանկյունից ասենք, որ այս մեքենայի զրահամեքենայի տարբերակն ավելի հեռանկարային կարող է ստացվել:
Ընդհանուր առմամբ հասկանալի է, որ մեքենաները դեռ ավարտուն տեսքով չեն, շատ հնարավոր է, որ անգամ արտաքիններն իրական չեն, ուղղակի շտապել են, որ զորահանդեսին ցույց տան, քանի որ խոստացել էին: Սա իհարկե շատ դիտարժան է, հետաքրքիր է, մեծ աղմուկ է բարձրացնում, սակայն միայն Ռուսաստանում կարող է լինել նման բան, որ անպատրաստ վաղը միգուցե մերժվող մեքենաները ցուցադրվում են զորահանդեսներին, մեծ աղմուկ հանում, գովազդվում, հետո մերժվում: Օրինակները բազում են` Կորոլյովի ու այլոց տարատեսակ հրթիռները, Մյասիշևի ռմբակոծիչները, Յակովլևի ինքնաթիռները և այլն: Դրանք հատկապես վերջին շրջանում շատ են: Պատահական չէ, որ դեռ զորահանդեսի նախապատրաստության փուլում ի հայտ եկան բազում խնդիրներ, իսկ այսօրվա փորձի ժամանակ նորագույն տանկն ուղղակի խափանվեց կարմիր հրապարակում: Արդեն խոսակցություն կա, որ այն շատ թանկարժեք մեքենա է, ինչը հասկանալի է, վերը արդեն նշեցինք, որ Ռուսաստանը ստիպված է մտնել այս մրցավազքի մեջ, ու ոչ մի այլ երկիր նման մեքենաները հիմա զրոյից չի ստեղծում, քանի որ դրանց հեռանկարայնությունը շատ մեծ չէ, հին մոդելները շատ հաջող են ու կատարելագործման տեղ ունեն, իսկ ռուսականները փակուղային էին: Սակայն եթե այս գնի պարագայում Ռուսաստանը գնա մինչև վերջ ու դրանք հասցնի վերջակետին, կունենա գոնե մի առժամանակ աշխարհի լավագույն տանկերը, որոնք մրցակիցներ չունենալու պարագայում կարող են և եկամտաբեր լինել, սակայն դա գրեթե անհնար է մի քանի պատճառով:
1. Ռուսական/խորհրդային զինագործությունը գրեթե երբեք չի ստեղծել հեղափոխական նոր մեքենա զրոյից, որը դառնա լայն կիրառվող զենք ու համակարգ:
2. Ներկայումս ռուսական շարժիչագործությունը, զինագործությունը և հատկապես էլեկտրականությունը շատ ցածր մակարդակի վրա են, որպեսզի կարողանան այս մեքենան դարձնել աշխարհի լավագույն մեքենան:
3. Սերիական արտադրության տեխնոլոգիա առհասարակ չկա, եղածը այս մեքենայի հետ ոչ մի կապ չունի, հետևաբար սրանք կամ հավաքվելու են՝ հատիկ-հատիկ դառնալով ոսկե հորթ, կամ միանգամից մեծ ներդրում են պահանջելու հավաքման գիծ դնելու համար, որը ներկայիս արգելքների պարագայում անհնար է. և՛ գումար չկա, և՛ հաստոցներ հնարավոր չէ բերել դրսից:
Հանրագումարի բերելով այս ամենը՝ կարելի է եզրակացնել, որ այս մեքենաները եթե հասցվեն վերջաբանին, ապա լավ զենքեր ու համակարգեր կդառնան, սակայն մենք կրկին ականատես ենք լինում լավ ՓՌ-ի, որի նպատակը մի քանի միլիոն մարդկանց էլի խաբելն է, որ Ռուսաստանն աշխարհի լավագույն զինագործությունն ունի և միայնակ հաղթել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Արման Սահակյան