Ոստիկանական աճպարարությունների շարքից


22:49 , 6 մայիս, 2015

Ուրեմն, փետրվարի վերջերին ՃՈ-ից մեր շատ սիրելի Ofeli-ին վարչական տույժ նշանակելու մասին որոշում ա գալիս: Ըստ այդ որոշման՝ փետրվարի կեսերին Օֆելին իր մեքենան կայանել ա «ոչ թույլատրելի» հատվածում` Տերյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկից դեպի Թումանյան բարձրացող հատվածում: Իրականում այդ ժամանակաշրջանում տվյալ հատվածում ոչ միայն կայանելն արգելող ճանապարհային նշան չկար, այլև գծված էին տխրահռչակ կարմիր գծերը, որոնք հետագայում իբր մաքրվել էին, իսկ կայանելն արգելող նշանները տեղադրվել էին մեքենան կայանելուց մեկ ամիս անց` մարտի սկզբներին: Նվաստիս պնդմամբ Օֆելին տույժը չեղյալ համարելու մասին դիմում գրեց ՃՈ՝ նշելով վերը նշված փաստերը: ՃՈ-ը, բավարերելով դիմումն ու չեղյալ համարելով տույժը, պարզաբանումը տվել ա հետևյալ կերպ. օրենքի համաձայն ապացուցման պարտականությունը կրում է ՃՈ, իսկ քանի որ տույժի «որոշման հիմքում ընկած տեսանյութն ու տեղանքի լրացուցիչ ուսումնասիրությունը հնարավորություն չի ընձեռել հերքել դիմումատուի պնդումը», ուստի տույժի որոշումը բեկանվում, ու գործը կարճվում ա:

Դե պատկերացրեք: Ոստիկանությունը տեսանյութի հիման վրա իրավախախտում ա ներկայացնում, դու հերքում ես, քեզ ասում են` հնարավորություն չունենք՝ ձեր հերքումը հերքենք: Այսինքն` ամեն գնով չեն ընդունում, որ իրենք սխալ են ու բացարձակապես անհիմն որոշումներ են կայացնում: Ի՞նչ ա, ոստիկանները չգիտեն, թե որ փողոցում ինչ ճանաարհային նշաններ կան կամ չկան: Բա որ «տեսանյութն ու տեղանքի լրացուցիչ ուսումնասիրությունը» հնարավորություն չեն ընձեռում իրենց որոշման ճշտությունը ապացուցելու համար, բա էլ էդ ինչի՞ հիման վրա են նման որոշում կայացնում: Կոնկրետ փաստեր ես նշում, իրենք փոխանակ հերքեն կամ ընդունեն էդ փաստերը (կայանելն արգելող նշան կա՞ր, թե՞ չկար, կարմիր գծեր կային, թե՞ չկային), ասում են` մենք ճիշտ ենք, բայց հնարավորություն չունենք ապացուցելու մեր ճշտությունը: Ադալժենի ենք անում, էլի: Սկզբունքային հարց ա. մենք չենք սխալվում ու վե՜րջ, հա, մեկ էլ նախադեպեր չենք ստեղծում, չէ՞ որ քանի հազար ավտոմեքենա են տվյալ իրավիճակներում հայտնվում, ու հո բոլորը դիմում չե՞ն գրում, այլ խելոք բերում-մուծվում են։