22:03 , 6 մայիս, 2015
Tert.am-ը գրում է.
Tert.am-ի հետ զրույցում «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանը չափազանց կարևորեց Հայաստան-ԱՄՆ ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի ստորագրումը Նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգթոնյան այցի ընթացքում: Նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ամերիկյան նախաձեռնությունների հիմնական շարժիչ ուժն է Հայաստանի հետ փակ սահմանի բացումը, ինչի հնարավորությունը, սակայն, քաղաքագետը չի տեսնում:
-Պարո՛ն Սաֆարյան, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հաստատել է նախկինում շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը պատրաստվում են Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագիր ստորագրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակում: Ի՞նչ է ենթադրում այս փաստաթուղթը:
-Նախ, առաջինը՝ դա լուրջ քաղաքական նշան է հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու առումով: ԵՏՄ-ին մեր անդամակցությունից հետո չափազանց շատ էին անորոշությունները, այն առումով, թե արդյո՞ք աշխարհն այլևս կնախընտրի շատ խորը հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ: ԵՄ-ն, իհարկե, առանձին ուղղություն է, որի հետ կապված զարգացումները մենք կտեսնենք Ռիգայի գագաթնաժողովին: Եվ սրանից զատ մյուս կարևոր խնդիրը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն էր: Թերևս շատ հետաքրքրական էր ԱՄՆ դեսպանի՝ բավականին վաղ արված հայտարարությունը, երբ նա նոր-նոր ստանձնել էր իր պարտականությունները Հայաստանում, այն մասին, որ Հայաստանը ԱՄՆ-ը կարող է դիտարկել որպես ռազմավարական լուրջ՝ թիվ մեկ գործընկեր տնտեսական հարաբերությունների առումով: Եվ, հիշեցնեմ, որ շատերը թերահավատորեն էին վերաբերում, բայց ակնհայտ է, որ այն ժամանակ արդեն կար լուրջ պրոցես, և դեսպանի հայտարարություններն անհիմն չէին: Եվ առևտրային այս պայմանագրի ստորագրումը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև Սերժ Սարգսյանի այցի ընթացքում գալիս է վկայելու դրա մասին: Ի՞նչ է տալու այն: Այն առաջին հերթին այն քաղաքական կարևորությունն ունի, որ հայ-ամերիկյան հարաբերությունները տեղում չեն դոփելու, չնայած Հայաստանի` ԵՏՄ-ի միանալուն: Դրան էլ գումարած այն, որ Միացյալ Նահանգները Հայաստանին տալու է իր GS համակարգից օգտվելու առավելություններ: Դա նույնքան գրավիչ և անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության համար, որքան նույն ԵՄ GS համակարգն է: Եվ, անշուշտ, դա կբերի ծավալների աճին: Հատկապես, երբ առևտրատնտեսական համագործակցության պայմանագիրը ենթադրում է նաև ներդրումներ Հայաստանում: Հետևաբար, բավականին բազմաֆորմատ և լայն համաձայնագիր է:
-Որքա՞ն են կազմում ներկայիս ծավալները:
- Թվերի չեմ տիրապետում, բայց համենայնդեպս, սա ենթադրում է էական ավելացում:
- Արդեն կան վերլուծություններ, որ դա իրականում այն միտված է լինելու Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, և եթե ԱՄՆ-ը այստեղ ներդրումն է անում, արդյո՞ք հենց սահմանի փակ լինելը չի խոչընդոտի հենց ամերիկյան գործարարներին:
-Սահմանի հարցը բավականին բարդ է, և ակնհայտորեն վերջին տարիներին էլ աշխարհը հույսեր է փայփայում և ջանքեր է գործադրում դա անելու համար: Թերևս կարող ենք ասել, որ նաև այս խնդիրն է, որը կարևորվում էր Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացում, և նաև մյուս կողմից ԱՄՆ-ի Նախագահին ինչ-որ կերպ զսպում էր արտասանել «Ցեղասպանություն» եզրը, թեպետ այն, ինչ ասում էր, ցեղասպանության նկարագրություն էր: Հետևաբար, ես չեմ տեսնում, որ սահմանի բացման հետ կապված խոչընդոտները վերացված են: Ի սկզբանե հայ-թուրքական սահմանի բացումը, բացի Հայաստանի համար տնտեսական նշանակություն ունենալուց, Արևմուտքի համար չափազանց կարևոր է եղել Հայաստանի կտրվածքով, նրա տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Արևմուտքում հստակ հասկացել են, որ փակ սահմանի դեպքում ավանդական դերակատարներն են շահում Կովկասում, ինչպես օրինակ՝ Իրանը կամ Ռուսաստանը: Հետևաբար, Հայաստանի ՝ ինքնիշխան քաղաքականություն վարելու ազատության աստիճանը մեծացնելու տեսանկյունից չափազանց կարևորվել է այդ սահմանի բացումը: Եվ, հետևաբար, կարելի է ասել, որ այդ բոլոր ջանքերը ուղղված են եղել առաջին հերթին դրան և ոչ միայն հայ-թուրքական դարավոր հաշտեցման թնջուկը լուծելու և հաշտեցման գործընթաց սկսելու: Իհարկե, ԱՄՆ-ի կողմից առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնելու խնդիրը կարևոր է այս տեսանկյունից, Հայաստանի ազդեցության աստիճանի ավելացման տեսանկյունից, բայց ես մի փոքր դժվար եմ տեսնում, որ դա կբերի հայ-թուրքական սահմանի բացման, որովհետև հաստատ դա այն գործիքը կամ բանալին չէ, որ տանում է դեպի հայ-թուրքական սահմանի բացում: Եվ ցավալիորեն Թուրքիան անցած տարվա ընթացքում և նաև այժմ հերթական անգամ սահմանի բացումը կապում է ղարաբաղյան խնդրով զարգացումերի հետ: