14:20 , 6 մայիս, 2015
Lurer.com-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի բնակիչների համար համացանցին հասանելիությունը մոտ ապագայում կարող է սահմանափակվել, իսկ օգտատերերի որոշ կատեգորիաների համար՝ չափավորվել կամ փակվել: Համացանցի ապագան մայիսի 11-ին կքննարկի Թագավորական հանրությունը (գիտական կենտրոն, որը կատարում է գիտությունների ազգային ակադեմիայի գործառույթները): Այս մասին գրում է The Telegraph-ը:
Մասնագետները պնդում են, որ եթե համացանցը շարունակի աճել նույն տեմպերով, և եթե չհայտնվեն տվյալների փոխանակման սկզբունքորեն նոր տեխնոլոգիաներ, ապա արդեն 10 տարի անց առկա ենթակառուցվածքները ստիպված կլինեն առնվազն կրկնապատկել: Դա անխուսափելիորեն կհանգեցնի համացանցի հասանելիության զգալի թանկացմանը:
Սակայն հանրության անդամներին ավելի շատ հետաքրքրում է այն, որ օգտատերերը համացանցից օգտվելու վրա ծախսում են երկրում արտադրվող էներգիայի 8 տոկոսը, ինչը հավասարազոր է 3 ատոմակայանի արտադրողականության: Այդ ցուցանիշը մեծանում է յուրաքանչյուր 4 տարին մեկ: Այսինքն՝ տեսականորեն 2035-ին համացանցի վրա կարող է ծախսվել Մեծ Բրիտանիայում արտադրվող ամբողջ էներգիան: