15:13 , 29 հոկտեմբեր, 2012
Այս միապաղաղ անդորրը, այս վախկոտ քամին, այս սին մտքերը, որոնք, աշնանային տերևների վրա օրորվելով, միախառնվելով իրարու, ստեղծում էին այն երբեմնի մեղեդին, որը հատուցումն էր այն ամենի, ինչը մեզ՝ երկուսիս կապում էր իրար:
Այն խոսքերը, որոնք կիսատ էին մնացել ու քարացել շուրթերիս, այսօր կրկին արթանացել էին ու ստիպում էին վերապրել այն հույզերը, որ գուցե ինձնից անկախ օտարացել ու լքել էին ինձ: Ես մենակ չէի, լռությունը, որը այսքան ժամանակ՝ լուռ ու գլխիկոր ծառայի նման, հետևում էր ինձ ու կատարում ամեն խոսքս, ենթարկվում ամեն քմահաճույքիս, այսօր շունչ առած՝ պատռում էր կուրծքս, դուրս հանում այն ամենը, ինչ կուտակվել էր ներսումս, կարծես ինքն էր ձանձրացել ու ապրել էր ուզում նորը, զգալ անգամ այն, ինչ իրեն խորթ էր:
Արտաքուստ ոչինչ չասող այդ լռության մեջ, մտքերի բախման այդ կիզակետում հատվել էին երկու ճանապարհներ: Մեկը տանում էր անցյալ, իսկ մյուսը՝ ճանապարհն էր նորի, որի սկիզբն ու վերջը կարծես համընկնում էին ու սպանում անգամ անէությունը, աներևելին: Օտար մտքերի բախման այդ կետում երանելի թվացող, անիրական մի լույս գրավել էր ինձ, իր գիրկն էր կանչում, շշնջում մի մեղեդի, որի ամեն հնչյունի հետ ինձնից օտարվում էր մի մարդ, որը ուզում էր առանց ինձ ապրել. հոգնել էր, իսկ ես՝ հիմարս, իմի փոխարեն իր կյանքն էի ապրում: Սառել էին մտքերս, քարացել էին զգայարաններս: Ենթագիտակցությունս, սակայն, մղում էր առաջ: Այն ինձ շատ էր գրավում: Հասկանում էի այն, ինչ ինձ տրված էր ապրելու համար, ես չկարողացա պահել, ու հիմա քեզնից այնքան եմ հեռու, այնքան եմ անջատ, որ եթե անգամ ինձ հետ վերադաձնեիր այն կյանքը, որ ես կրկին կնվիրեի քեզ առանց մեկ վայրկյան իսկ մտածելու, էլի ոչինչ չէր նշանակի քեզ համար, քանզի ես չկարողացա պայքարել ու պահպանել այն կյանքը, որը առանց երկմտելու ինձ էիր նվիրել:
Հիմա, երբ անիրական իմ այս գոյության մեջ, մարդկային կերպար առած, փորձում եմ ուղղել սխալներս, ամեն անգամ գալիս ու հասնում եմ այն կետին, որտեղից սկսվել էր ամեն ինչ, սակայն մի տարբերությամբ՝ այսօր ես ունակ չեմ նորից խոստումներ տալու, ունակ չեմ քեզ իմ մեջ ապրեցնելու:
Կանգնում եմ երկար ժամանակ՝ իմ ու քո կյանքերի հատման գծում ու գիտակցում, որ իմ կյանքը թողած՝ քոնն եմ ապրում, այն կյանքով, որ թե՛ ինձ, թե՛ քեզ նույն ապրումներն էր պարգևում: Դարձյալ ուժերս սպառած՝ վերադառնում եմ այնտեղ ,որտեղ ապրում են այն մարդիկ, որոնք այս կյանքում անելիք չունեն: Զո՛ւր էին քայլերս, զո՛ւր էին ապրումներս, միևնույն է՝ ես հիմա ապրում եմ մի կյանք, որի մեջ քոնը չկա:
Հ.Գ. Պահպանե՛ք այն փոքր լավը, որը ունեք ձեր կողքին, գուցե այն ամենամեծն է ձեր ունեցածների մեջ: