16:12 , 30 ապրիլ, 2015
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը, այն է՝ հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 2 հազարով կամ 6,3%-ով և կազմել 29,6 հազար մարդ: Ընդ որում, ուղևորահոսքերի բացասական մնացորդ է արձանագրվել տրանսպորտային բոլոր միջոցներով սահմանահատումների դեպքում:
Այս մասին է վկայում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայության՝ միջազգային սահմանահատումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների հիման վրա կատարած վերլուծությունը:
Ըստ այդմ՝ օդային, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 458 854 մարդ, մեկնել՝ 488 471-ը:
Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռն ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 37,9%՝ նախորդ տարվա 37,2%-ի դիմաց:
Վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ 2015թ.-ի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է 40,4 հազար մարդով կամ 4,1 %-ով և կազմել 947,3 հազար մարդ: