Այն, որ վերջին մեկ ամիսը հայ ազգի պատմության ամենավառ հատվածներից մեկն էր, չի վիճարկում անգամ ամենահոռետես, ամենադժգոհ և ամենամուննաթով հայը (անգամ եթե հաշվի առնենք, որ այս ամենի հիմքում ընկած էր մեր ազգի ամենաողբերգական էջը)։ Բայց անձամբ ինձ համար ավելի կարևոր է, որ այն, ինչ մենք տեսանք, չդառնա «Արարատ 73»-ի նման մի բարի հուշ, որի մասին հետո ազգը 50 տարի միայն կխոսի՝ հիշելով այս օրերը։ Հիմա կարևորն այս ալիքը պահելն է։ Իսկ դրա համար հարկավոր է հավաքել ամբողջ աշխարհով սփռված ազգի ներուժը, դնել կոնկրետ և, որ ամենակարևորն է, իրական խնդիրներ ու փորձել քայլ առ քայլ լուծումներ տալ այդ խնդիրներին։ Իսկ մենք դրա փոխարեն սկսել ենք մուննաթ գալ Սփյուռքի վրա (հերթական անգամ ինչ-որ բան սովորեցնելով նրանց), անիմաստ քննարկել Պոզների հաղորդումը և «ժոժոբա» մտքեր արտահայտել Ֆեյսբուքում։
Սա պահ է, երբ համընկել են արտաքին աշխարհի բարիդրացիական ազդակները և մեր ներքին ոգևորությունն ու համախմբվածությունը։ Չի կարելի կորցնել այս պահը, որովհետև այսպիսի երկրորդ հնարավորություն մեր սերունդն այլևս դժվար թե ունենա։