17:18 , 27 ապրիլ, 2015
ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ապրիլի 25-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, անհայտ անձը փորձել է Իրանի կողմից անցնել Արաքս գետը:
Սահմանապահները հայտնաբերել ու ձերբակալել են սահմանախախտին՝ Իրանի քաղաքացի, զինվորական, 23-ամյա Ս.-ին, որը բավական հետաքրքիր կերպով է մեկնաբանել իր քայլը:
Իրանցին հայտնել է, որ ապօրինի հատել է պետական սահմանը ծառայակցի հետ կրոնական թեմայով վիճաբանության պատճառով, քանի որ ինքը քրիստոնեություն է դավանում:
Ի դեպ, սահմանի խախտման մասին ռուս սահմանապահներին հայտնել է այդ մասին իմացած ՀՀ շարքային քաղաքացին:
Ներկայում սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի ԱԱԾ-ին՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքները: Իսկ սահմանախախտման դեպքի մասին հայտնած տեղի բնակիչը կպարգեւատրվի Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության կողմից: